«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13:8):

Շրջաբերական նամակ Ապրիլ 2015

Տեր Հիսուս Քրիստոսի Անունով սրտանց ողջունում եմ ողջ երկրում գտնվող բոլոր եղբայրներին և քույրերին Եբր. 9:28 համարով. «Նույնպես էլ Քրիստոսը շատերի մեղքերը վերցնելու համար մեկ անգամ զոհաբերվեց, և երկրորդ անգամ առանց մեղքի կհայտնվի իրեն սպասողների փրկության համար»: 

Քրիստոսի երկրորդ գալուստը Նրա խոստացված վերադարձն է (Հովհ. 14:1-3): Նա վերադառնում է բոլոր փրկագնվածների համար, ովքեր սպասում են Իրեն: Նա վերադառնում է բոլոր փրկագնվածների համար, ովքեր պատրաստ են. «… պատրաստները նրա հետ հարսանիքի խնջույքի մտան. դուռն էլ փակվեց» (Մատթ. 25:10): Նա վերադառնում է բոլոր փրկագնվածների համար, ովքեր սիրում են Նրա հայտնությունը. «Եվ նրանք, ովքեր սիրեցին նրա հայտնությունը», կստանան արդարության խոստացված պսակը (2 Տիմ.4:8):

Քրիստոսի վերադարձը շատ մոտ է: Եվ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրի մեջ լինեն այդ երեք հատկանիշները` սպասել Նրան, պատրաստ լինել, սիրել Նրա հայտնությունը: Մենք ապրում ենք դուրս գալու կոչի ժամանակներում, համաձայն 2 Կորնթ. 6:14-18 համարների. «Դրա համար նրանց միջից դուրս գնացեք ու բաժանվեցեք,- ասում է Տերը»: Վերջին ժամանակների վերաբերյալ մարգարեությունն ամբողջությամբ իրականանում է մեր աչքերի առջև: Սա այն ժամանակն է, որի մասին Տերն ասում է. «…այդպես էլ դուք, երբ այս բոլոր բաները կատարված տեսնեք, իմացեք, որ Աստծո արքայությունը մոտ է» (Ղուկաս 21:28-36): Շնորհքով, մարգարեական Խոսքի աստվածաշնչյան կողմնորոշման միջոցով մենք կարող ենք պարզ տեսնել ժամանակների նշանները բոլոր ոլորտներում: Ողջ երկրի վրա բոլոր աստվածաշնչյան հավատացյալներին հոգևոր քնից արթնացնելու կոչը հիմա հնչում է ավելի ու ավելի ուժեղ. «Ահա փեսան գալիս է, վեր կացեք, պատրաստվեք, ելեք Նրան դիմավորելու» (Մատթ.25:1-10):

Սա այն պատգամն է, որը հիմա նախորդում է Քրիստոսի երկրորդ գալստին: Հավատացյալները կույսերն են, որոնք մաքրել են իրենց ճրագները: Իմաստուն կույսերը անհանգստանում են ոչ միայն ճրագ, այսինքն` լույս, պարզություն ունենալու համար, այլ նրանց համար ամենակարևորը կատարյալ պատրաստությունն է` հավատքով, հնազանդությամբ և Սուրբ Հոգու յուղով լեցունությամբ: Մի հեղինակ այսպես է գրել իր երգում` «Միայն անոթներ, սուրբ Ուսուցիչ, բայց Քո զորությամբ լեցուն…»: Այժմ Հոգու գործողությամբ կատարվում է երկրային Հարսի և երկնային Փեսայի միությունը` կատարյալ սիրով և Աստծո յուրաքանչյուր Խոսքի հետ կատարյալ ներդաշնակությամբ: 

«Ես կնշանվեմ քեզ հետ»

Ովսե 2:19 համարում Տերը խոստացել է. «Եվ քեզ պիտի նշանեմ Ինձ հետ հավիտյան, այո՛, քեզ պիտի նշանեմ Ինձ արդարությամբ, իրավունքով, գթասիրությամբ ու ողորմությամբ» (Ովսե 2:19): Դա Փրկչի շնորհքի առաջարկությունն է փրկագնվածներին: Գողգոթայի խաչի վրա հանուն սիրո Փեսան վճարեց փրկագին Հարսի համար (Հովհ. 3:16): Նոր ուխտի թափված արյունով (Մատթ. 26:26-28) Եկեղեցին փրկագնվեց: «Որով փրկություն ունենք Նրա արյունով՝ մեղքերի թողություն Իր շնորհքի մեծության չափով» (Եփես. 1:7): Ինչպես Ադամի կողքը բացվեց, որ այնտեղից դուրս գար Եվան և այնուհետև ներկայացվեր նրան (Ծննդոց 2), այնպես էլ խաչի վրա բացվեց Փրկչի կողքը (Հովհ. 19:34) և փրկագնվածների խումբը Հարս-Եկեղեցին է, ով Նրան հանդիպելու է օդերում, երբ բարձրանա հարսանիքի ընթրիքին (1 Թես. 4:17): «Առաջին մարդը՝ Ադամը, կենդանի շունչ եղավ, երկրորդ Ադամը՝ կենդանարար հոգի» (1 Կորնթ. 15:45): Աստծո բոլոր որդիներն ու դուստրերը «Նրա մարմնի անդամներն են, Նրա մարմնից ու Նրա ոսկորներից»: Այնուհետև Պողոսը գրում է. «Սա մեծ խորհուրդ է, բայց ես խոսում եմ եկեղեցու և Քրիստոսի մասին» (Եփես. 5:32):

Ինչպես նշանդրեքի ժամանակ տղամարդը դառնում է փեսացու, իսկ նշանված աղջիկը` հարսնացու, այնպես էլ ճշմարիտ դարձը դեպի Հիսուս Քրիստոսը «այո» է Նրան ասված, և այդպիսով Փրկիչը դառնում է երկնային Փեսա, իսկ փրկագնվածները` Նրա Հարսը: Մեկ հոգով նշանդրեք չի լինում. այն կատարվում է, երբ երկուսը հանդիպում են իրար, նրանց սրտերը բաբախում են միմյանց հանդեպ սիրով և աղջիկը «այո» է պատասխանում: 

Բոլոր փրկագնվածները, որոնց մեջ ցանվել է Խոսքի սերմը (Ղուկաս 8:11), վերստին ծնվում են կենդանի հույսի համար (1 Պետրոս 1:3): Նրանք ստանում են Փրկչի աստվածային բնությունը և հավիտենական կյանք: «Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է՝ նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (2 Կորնթ.5:17): Նա, ով պատկանում է Հարս-Եկեղեցուն, անձնական հարաբերություն ունի Տիրոջ հետ, ինչպես միմյանց հետ նշանվածները, լսում է այն, ինչ Փեսան ասում է Իր սիրելի Հարսին Իր Խոսքի միջոցով և կատարում է այն: Այդպես է կատարվում այս խոսքը. «Եվ նրա կինը պատրաստեց իրեն»

Նրանք, ովքեր պատկանում են Հարս-Եկեղեցուն, Փեսայի գալստյան ժամանակ պատրաստ կլինեն: Նրանք սիրում են Նրան և անհամբեր սպասում են, որ Նրա հետ գնան հարսանիքին, ինչպես գրված է. «Երանելի են Գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները»(Հայտն. 19:7-9): Խոստացված մարգարեի ծառայության միջոցով Սուրբ Հոգին գրված Խոսքը դարձրեց բացահայտված Խոսք բոլոր նրանց համար, ովքեր հավատում են ճշմարտապես: Եվ ավելին, բոլոր նրանց մեջ, ովքեր հավատում են և պատկանում են Հարս-Եկեղեցուն, Խոսք-Պատգամն իրականացրել է այն, ինչի համար ուղարկվել է (Եսայի 55:11, Հռոմ. 10:16-21): 

Հովհաննես Մկրտիչը բացականչեց. «Հարսն ունեցողն է փեսա, բայց փեսայի բարեկամը, որ կանգնած է ու լսում է նրան, փեսայի ձայնի վրա ուրախանալով ուրախանում է. արդ իմ այս ուրախությունն էլ կատարյալ է» (Հովհ.3:29): Հովհաննեսը մարգարեից ավելին էր, նա առանձնահատուկ հանձնարարություն ստացած խոստացված մարգարե էր. «Որովհետև սա նա է, որի համար գրված է. «Ահա Ես իմ հրեշտակին ուղարկում եմ Քո առջևից, որ Քո առաջ Քո ճանապարհը պատրաստի» (Մատթ.11:9-10):

Ոչ մի քարոզիչ այնքան հաճախ չի խոսել Հարս-Եկեղեցու, պատրաստության և հափշտակության թեմայով, ինչքան Աստծո մարդ Ուիլյամ Բրանհամը: Ինչպես բոլորին հայտնի է, աստվածային կանչը նրան ուղղվեց 1933 թվականի հունիսի 11-ին. «Ինչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես էլ քեզ տրված պատգամը կնախորդի Քրիստոսի երկրորդ գալստին»: Նրա ծառայությունը, որն ուղղակիորեն կապված է Աստծո փրկության ծրագրի հետ, արդյունավետ է եղել, և նրա ուրախությունն էլ կատարյալ է լինելու, ինչպես Հովհաննես Մկրտչի ուրախությունը: 

Այժմ կատարվում է սա. «Եվ Հոգին ու հարսն ասում են. «Ե՛կ»: Եվ լսողն էլ կասի. «Ե՛կ»: Նա, ով ծարավ է, թող գա, և նա, ով կամենում է, թող կյանքի ջուրը ձրի առնի» (Հայտն. 22:17):

Բայց նա, ով Աստծո գործերից ու խոսքերից խանդավառված, ուզում է փառք տալ որևէ հրեշտակի կամ Աստծո ծառայի` միայն Աստծուն փառք տալու փոխարեն, ինչպես Հովհաննեսն արեց Պատմոս կղզու վրա, կլսի նույն խոսքերը, որոնք մի ժամանակ ուղղված էին Հովհաննեսին. «Զգուշացիր, մի արա այս, որովհետև ես ծառայակից եմ քեզ, քո եղբայր մարգարեներին և այս գրքի մարգարեության խոսքերը պահողներին. Աստծուն երկրպագիր» (Հայտն.22:9):

Հայացք սկզբին` ճիշտ հասկանալու համար վերջը

Հովհաննես Մկրտչի ծառայությամբ իրականացավ ոչ միայն Մաղաքիա 3:1 համարում գրվածը` «Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստի իմ առաջին», այլև Մաղաքիա 4:6-ի առաջին մասը. «Եվ նա պիտի դարձնի հայրերի սիրտը դեպի որդիները…»: Այսպես ասաց հրեշտակը նրա հայր Զաքարիային. «…որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի, անհնազանդներին` արդարների իմաստության, որպեսզի Տիրոջ համար պատրաստ ժողովուրդ կազմի» (Ղուկաս 1:16, 17): Դրա մասին էր խոսքը սկզբում` Հովհաննես Մկրտչի ծառայության մեջ, հիմա էլ դրա մասին է խոսքը վերջնական ծառայության մեջ, այսինքն` պատրաստել Տիրոջ ճանապարհը և Տիրոջ համար պատրաստ ժողովուրդ կազմել: 

Ողջ Հին Կտակարանում խոսվում է հայրերի մասին, որոնց Աստված տվել է Ուխտի խոստումները (Հռոմ. 9:4,5): «Շատ անգամներ ու շատ ձևերով Աստված առաջուց մարգարեների միջոցով մեր հայրերի հետ խոսելով՝ այս վերջին օրերին խոսեց մեզ հետ Որդու միջոցով, որին ամեն բանի ժառանգ դրեց, որի միջոցով աշխարհն էլ ստեղծեց» (Եբր.1:1,2): Գործք 13:32,33 համարներում կարդում ենք. «Եվ մենք ձեզ ավետարանում ենք այն խոստումը, որ հայրերին տրվել էր: Աստված այն կատարեց մեր մեջ, որ նրանց որդիներն ենք, Հիսուսին հարություն տալով…»: Ամեն անգամ, երբ կատարվում են փրկության պատմության հետ կապ ունեցող իրադարձություններ, իրականանում են դրա հետ կապված Աստծո խոստումները: Մաղաքիա 4:5 համարում գրված է. «Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ»: 6-րդ համարի երկրորդ մասը, այսինքն` «որդիների սրտերը դարձնի հայրերին», կատարվում է մեր ժամանակներում: Ահա թե ինչու մեր Տերը Հովհաննես Մկրտչի ծառայությունից հետո շեշտեց խոստումը` ասելով. «Ճշմարիտ է, առաջ Եղիան պիտի գա և ամեն բան վերականգնի» (Մատթ. 7:11): Այդպես է գրված նաև Մարկ. 9:12 համարում: Այսօր Նա մեզ կասեր. «Եղիան եկավ, մարգարեն բերեց աստվածային պատգամը, և խոստման զավակները հավատում են այնպես, ինչպես Գիրքն է ասում, ուսմունքով ու կյանքով վերադառնում են այն հոգևոր վիճակին, որում եղել է առաջին եկեղեցին սկզբում: Սա է աստվածային պատգամի նպատակը` որ աստվածաշնչյան հավատացյալների մեջ և Հարս-Եկեղեցում ամեն բան, բացարձապես ամե՛ն բան լինի ըստ Աստվածաշնչի և վերականգնված: 

Բոլոր նրանք, ովքեր պատկանում են Հարս-Եկեղեցուն, գիտեն, ինչ պատճառով է այս ժամանակներում բացահայտվել մարգարեական Խոսքը, որը ոչ մի մեկնության ենթակա չի: Այն հոգևոր խավարում փայլող լույսի պես է (2 Պետրոս 1: 19-21): 

Միայն այն, ինչ գրված է Աստվածաշնչում, իրոք աստվածաշնչյան է և պիտանի է քարոզչության համար, հետևաբար հավատքով սահմանված է ընտրյալների համար: Եկեղեցին կառուցված է առաքյալների և մարգարեների ճշմարիտ հիմքի վրա (Եփես.2): Ահա թե ինչու պատգամը սա է` վերադառնալ Խոսքին, վերադառնալ սկզբին, վերադառնալ առաքյալների մաքուր վարդապետությանը, վերադառնալ փրկության բոլոր փորձառություններին: 2 Կորնթ. 6:14-18 համարներում շատ լուրջ խոսքեր են ուղղված Աստծո ժողովրդին. «Կամ Աստծո տաճարը կուռքերի հետ ի՞նչ համաձայնություն ունի: Որովհետև դուք կենդանի Աստծո տաճարն եք, ինչպես որ Աստված ասաց. «Նրանց մեջ կբնակվեմ ու նրանց մեջ կշրջեմ, նրանց Աստվածը կլինեմ ու նրանք՝ Իմ ժողովուրդը»: Վերջին պատգամը կապված է դուրս գալու և զատվելու կոչի հետ, ինչպես նաև կատարյալ վերականգնման ու պատրաստության հետ: Նախ պետք է դուրս գանք, որպեսզի այնուհետև կարողանանք մտնել: 

Նրա խոստացված վերադարձը դռների մոտ է (Մատթ. 24:33): Վերջին ժամանակներում կատարվելիք իրադարձությունների վերաբերյալ մեր Տերն ու Փրկիչն ասել է. «Եվ երբ այս բաներն սկսեն լինել, վերև նայեցեք ու ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտ է» (Ղուկ.21:28), և միաժամանակ զգուշացրել. «Ուրեմն արթուն կացեք և ամեն ժամանակ աղոթեցեք, որ արժանի լինեք այն բոլոր բաներից փրկվելու, որ տեղի են ունենալու, և կանգնելու Մարդու Որդու առաջ» (հ. 36): Մենք տեսնում ենք աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումը Իսրայելի վերաբերյալ, ազգերի վերաբերյալ, ողջ աշխարհում և հատկապես Եկեղեցում և կարող ենք անդադար բացականչել. «Այսօր այս կամ այն գրվածը կատարվեց մեր աչքերի առջև»: Դա մեզ հիշեցնում է Նրա խոսքերը. «Բայց այս բաները Ես ձեզ ասացի, որ երբ ժամանակը գա, դուք հիշեք, թե Ես ձեզ ասացի դրանք» (Հովհ. 16:4): Ամեն: 

Հիմա ամենակարևորը Հարսի և Փեսայի կատարյալ միությունն է: Ոչ մի հավատացյալի համար օգուտ չկա միայն ժամանակների նշանները տեսնելուց, այլ ներկայումս արդարացման (Հռոմ. 5:9), սրբացման (1 Թես. 5:23), Սուրբ Հոգու մկրտության (1 Կորնթ. 12:13) և մյուս աստվածաշնչյան փորձառությունները պետք է նույնքան իրական լինեն, որքան առաքյալների ժամանակներում: Վերջում Աստծո կատարյալ սերը, որը դրսևորվել է Գողգոթայի խաչի վրա հաշտությամբ ու մեղքերի թողությամբ, կդրսևորվի նաև բոլոր հաշտվածների մեջ, որոնք ստացել են իրենց մեղքերի թողությունը, որովհետև «Այս եմ պատվիրում ձեզ, որ դուք միմյանց սիրեք» (Հովհ. 15:17): Երբ ճշմարիտ հավատացյալները մեկ սիրտ և մեկ հոգի դառնան կթափվեն առաջին և վերջին անձրևները (Հակոբ 5:7-11, Հովել 2:23, Եսայի 44:3, Զաքարիա 10:1): Այդ ժամանակ Աստծո զորությունը կդրսևորվի և ինչպես Հոբի դեպքում, ով աղոթեց իրեն մեղադրող բարեկամների համար, կլինի կրկնակի չափով վերականգնում այն ամենի, ինչ Աստված սկզբում տվել է Եկեղեցուն:

Միայն կատարյալ սերն է կատարելության կապը: «Եվ այս բոլորի վրա հագեք սերը, որը կատարելության կապն է» (Կողոս. 3:14): Կատարյալ սեր Փրկչի հանդեպ, փրկագնվածների հանդեպ, Աստծո յուրաքանչյուր Խոսքի հանդեպ, ինչպես նաև ճշմարիտ և կենդանի հավատք Աստծո յուրաքանչյուր խոստման հանդեպ: Երբ բոլորս լցվենք Սուրբ Հոգով, ինչպես Գործք 2-րդ գլխում և առաջին եկեղեցում, այդ ժամանակ կարող ենք իրոք ասել, որ «… Աստծո սերը մեր սրտերում սփռված է Սուրբ Հոգու միջոցով, որ մեզ տրվեց» (Հռոմ. 5:5): Տեսական պատգամը, որը տարբեր կերպ են մեկնում, ոչ մի օգուտ չունի, և միայն այն ժամանակ, երբ ամեն բան վերականգնվի աստվածային կարգի համաձայն, կհաստատվի այս խոսքը. «Որովհետև ովքեր Աստծո Հոգով են առաջնորդվում, Աստծո որդիներ են» (Հռոմ.8:14):

Երբ Փեսան իրոք վերադառնա, Նրա «արթնության կանչը» նախ կհնչի Քրիստոսով ննջածների համար, և հետո բոլոր նրանք, ովքեր ողջ են Քրիստոսով, կփոխվեն և բոլորը միասին կհափշտակվեն ամպերով Տիրոջը դիմավորելու: Դա է ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ Իր սուրբ և հավիտենական Խոսքում: (1 Թես. 4:13-18): 

Տիրոջ վերադարձը իրական է լինելու, ինչպես որ իրական է եղել Նրա համբարձումը. «Այն նույն Հիսուսը, որ ձեզանից երկինք վերցվեց, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսնում եք Նրան երկինք գնալիս» (Գործք 1:11): Իրական է լինելու մեռելների հարությունը (1 Կորնթ. 15:42-44): Իրական է լինելու մեր մարմնի վերափոխումը (1 Կորնթ. 15:54): Իրական է լինելու հափշտակությունը (1 Թես. 4:17): Իրական է լինելու հարսանիքի ընթրիքը (Հայտն. 19:7): Ամեն բան իրական է լինելու, նաև հազարամյա թագավորությունը (Հայտն, 20) և վերջապես նոր երկինքն ու նոր երկիրը (Հայտն. 21): Մարանաթա՛: Ե՛կ, Տեր Հիսուս: «Այս բաները վկայողն ասում է. «Այո՛, ես շուտով գալիս եմ»: Ամե՛ն: Ե՛կ, Տե՛ր Հիսուս» (Հայտն.22:20):

Ոչինչ չավելացնել Խոսքին

Փրկության պատմության հետ կապված` Բրանհամ եղբոր ծառայությունը նույնքան կարևոր է եղել, ինչքան Մովսեսի, Հովհաննես Մկրտչի և Պողոս առաքյալի ծառայությունը: Աստծո պատգամաբերների միջոցով քարոզված Խոսքը փոխանցվել է մեզ, և դա՛ ենք մենք քարոզում, որովհետև միայն Խոսքն է մնում հավիտյան (1 Պետրոս 1:25): 2 Պետրոս 3:14-18 համարներում խոստացված վերադարձի հետ կապված` Պետրոսը հավատացյալներին հորդորում է ջանալ գտնվելու անբիծ և անարատ: Նա նաև վկայակոչում է Պողոսի նամակները` այնուհանդերձ շեշտելով, որ դրանցում դժվարըմբռնելի բաներ կան: Մենք հասկացել ենք, որ աստվածաշնչյան պատգամում կարևորը դժվարըմբռնելի խոսքերը չեն, ինչպես մի ժամանակ Պողոսի խոսքերն էին, որոնց մասին Պետրոսն ասում է 2 Պետրոս 3:16 համարում, կամ Բրանհամ եղբոր խոսքերը, որոնք նա ասել էր` մեծապես ակնկալելով Աստծո վերջնական գործողությունը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա կան մարդիկ, ովքեր համատեքստից հանում են Բրանհամ եղբոր խոսքերը և դրանց հիման վրա սեփական, կեղծ ուսմունքներ են ստեղծում: 

Այն պատվերը, որը Պողոսը տվեց իր հավատարիմ գործընկեր Տիմոթեոսին 2 Տիմ. 4:9 համարում, տվել է մեր Տերն Ինքը Բրանհամ եղբորը 1933 թվականին տեսիլքի մեջ: Աստծո ամեն ճշմարիտ սպասավոր իր սրտում կընդունի այդ խոսքերը. «Արդ այս վկայությունն եմ դնում Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին ու մեռածներին իր հայտնության և թագավորության ժամանակ. Խոսքը քարոզիր շարունակ՝ ժամանակին լինի, թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ ու վարդապետությամբ: Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց հատուկ ցանկությունների համաձայն ուսուցիչներ կդիզեն իրենց վրա՝ իրենց ականջներին հաճելի եղածների համեմատ և իրենց ականջները ճշմարտությունից հետ կդարձնեն ու առասպելների հետևից գնալով կմոլորվեն: Բայց դու ամեն բանում արթուն կաց`նեղություններ կրելով: Ավետարանչի գործն արա, քո պաշտոնը կատարիր»:

Տերն ինձ էլ պատվիրեց կարդալ 2 Տիմ. 4-րդ գլուխը, 1980 թվականի փետրվարին Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Նախորդ երեկոյան ինձ առաջին անգամ հարցրել էին Հայտնության 10-րդ գլխի յոթ որոտների նշանակության մասին: Ես չունեի այդ հարցի պատասխանը: Կարդալով 2 Տիմ. 4-րդ գլուխը` ես անմիջապես հասկացա, թե ինչու պիտի կարդայի այդ հատվածը. ես կարող եմ և պարտավոր եմ սովորեցնել միայն Խոսքը, և չեմ կարող ու չպետք է մասնակցեմ մեկնություններին: Փոխզիջումն անհնար է ինձ համար, դա բացառվում է: 

Նա, ով իրոք Աստծուց է կանչված, սրտում կընդունի Տիմոթեոսին ուղղված Պողոսի այնքան թախանձագին հորդորը և կկատարի այն. «Արդ այս վկայությունն եմ դնում Աստծո առաջ… Խոսքը քարոզիր»: Այն, ինչ գրված չէ Խոսքում, սահմանված չէ հավիտենական Ավետարանի քարոզչության համար: Եվ նա, ով քարոզում է որևէ ոչ աստվածաշնչյան բան, եթե նույնիսկ այն ներկայացնում է որպես հայտնություն, անեծք է բերում իր վրա (Գաղատ. 1:8), եթե նույնիսկ դա գար երկնքի հրեշտակից: 

Հովհաննես առաքյալը մեզ է ուղղում այս շատ լուրջ զգուշացումը. «Որովհետև ես վկայում եմ ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը: Եթե մեկը սրանց վրա բան ավելացնի, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որ գրված են այս գրքում: Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի կյանքի գրքից, սուրբ քաղաքից և այս գրքում գրվածներից»:

Երանելի են կոչվում բոլոր նրանք, ովքեր պահում են միայն այն, ինչ գրված է. «Երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողը և լսողները, և սրա մեջ գրվածները պահողները, որովհետև ժամանակը մոտեցել է» (Հայտն.1:3):

Աստված մտածում է այն, ինչ ասում է և ասում է այն, ինչ մտածում է

Դանիել մարգարեին ասվեց. «Եվ դու, ո՛վ Դանիել, փակիր այս խոսքերը և կնքիր գիրքը մինչև վերջին ժամանակը. շատերը պիտի քննեն և գիտությունը պիտի շատանա» (Դանիել 12:4): 

Մենք վերջին ժամանակներում ենք. կնքված գիրքը բաց է և դրա բովանդակությունը բացահայտված է: Գոհություն Աստծուն, այլևս ոչինչ գաղտնիք չէ, որովհետև «ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղից է՝ Դավթի արմատը, որպեսզի գիրքը բաց անի ու նրա յոթ կնիքները բացի»: (Հայտն. 5:5): 

«Այս գրքի մարգարեության խոսքերը մի՛ կնքիր, որովհետև ժամանակը մոտ է» (Հայտն.22:10): Հայտնության 5-րդ գլխում գիրքը դեռ կնքված էր: 

Աստվածային փրկության ծրագիրը մանրամասն շարադրված է Խոսքում: Մենք կարող ենք ճիշտ դասավորել եկեղեցու յոթ հրեշտակներին (Հայտն. 2 և 3), Եփրատի վրա կապված չորս հրեշտակներին, որոնք ազդարարում էին դատաստանները (Հայտն. 9-րդ գլուխ), նաև փող հնչեցնող յոթ հրեշտակներին (Հայտն. 8-11): Մեզ համար պարզ են տարբեր համատեքստերը, երբ Տերն իջնում է որպես Ուխտի Հրեշտակ (Հայտն. 10), կամ երբ հայտնվում են երկու մարգարեները (Հայտն.11), կամ այն, ինչ վերաբերում է Աստծո բարկության յոթ գավաթներն ունեցող հրեշտակներին (Հայտն. 16): Բոլոր իրադարձությունների լրիվ հայտնությունը մեզ տրվել է շնորհքով և բացահայտվել ճիշտ համատեքստում, այնքան հասկանալի ձևով, ինչպիսին երբեք չի եղել նախորդ ժամանակաշրջաններից ոչ մեկում: 

Բայց պետք է միշտ կրկնել Տեր Հիսուս Քրիստոսի Անունով. այժմ կարևոր է դուրս գալու և Հարս-Եկեղեցու պատրաստության կոչը: Եթե նույնիսկ մենք գիտենք բոլոր խորհուրդները, բայց ճշմարիտ սեր չունենք Խոսքի հանդեպ, յուրաքանչյուր Խոսքի հանդեպ, մենք չենք կարող ո՛չ պատրաստ լինել, ո՛չ էլ սիրել Նրա հայտնությունը: Դա է տարբերությունը իմաստուն և հիմար կույսերի միջև: Մենք վերջին ժամանակներում ենք, և հիմա կարևոր է կատարյալ վերականգնումը Խոսքի համաձայն, որը տեղի է ունենալու մեր սիրելի Տիրոջ և Փեսայի գալստից առաջ: Ընտրյալները Խոսքից կկառչեն մինչև վերջ, և ոչ մի մեկնություն չի կարող մոլորեցնել նրանց: Նրանք հավատում են, որ միայն Սուրբ Գրքի վրա հիմնված ճշմարիտ պատգամը նախորդում է Քրիստոսի երկրորդ գալստին և հավիտենության մեջ էլ կգոհանան Տիրոջից Բրանհամ եղբոր մարգարեական ծառայության համար և փրկութան պատմության ծրագրում բոլոր իրադարձությունների ճիշտ դասավորության համար: Նրանց է ուղղված այս երանությունը. «Բայց երանելի են ձեր աչքերը, որ տեսնում են, և ձեր ականջները, որ լսում են»

Ծառան իր տիրոջից մեծ չէ

Բազմաթիվ հարցեր են ինձ ուղարկել, որոնց պետք է պատասխանել: Էլեկտրոնային փոստով շատ նամակներ են կուտակվել: Մի նամակում կա 5 հարց, մյուսում՝ 8, մեկ ուրիշում՝ 20: Երբեմն հարցերի թիվը, որոնց պետք է պատասխանեմ, հասնում է քառասունհինգի: Բոլորը լուսաբանում են ցանկանում Բրանհամ եղբոր մեջբերումների վերաբերյալ: Խնդրում եմ, որ հասկանաք, որ անհնար է բոլոր այդ հարցերին պատասխանել: 

Ինչ վերաբերում է աստվածաշնչյան թեմաներին, ես բոլորի մասին խոսել եմ իմ բազմաթիվ գրքերում՝ դրանք լուսաբանելով Սուրբ Գրքով: Դա վերաբերում է նաև Բրանհամ եղբոր արտասովոր և ճշմարիտ մարգարեական ծառայությանը: Հանձնարարությունը, որը Տերն ինձ տվեց 1962 թվականի ապրիլի 2-ին, և որը հաստատվեց մարգարեի կողմից 1962 թվականի դեկտեմբերի 3-ին, վկաների՝ Վուդ եղբոր և Սոտման եղբոր ներկայությամբ, հետևյալն էր՝ քարոզել Խոսքը և բաժանել հավաքած կերակուրը: Հանուն ընտրյալների մեկ անգամ էլ եմ հիշատակում այն, որ 1976 թվականի սեպտեմբերի 19-ին Տերը զորավոր ձայնով դիմեց ինձ՝ ասելով. «Իմ ծառա, ես քեզ ընտրել եմ Մատթ. 24:45-47 համարների համաձայն կերակուր բաժանելու համար»: Դա նույնքան ճշմարիտ է, որքան որ Աստված կենդանի է: 

Այդ Նա է Ամովս 8:11 համարում կանխասել Իր Խոսքը լսելու սովը, և հոգևոր մարդն ապրում է Աստծո յուրաքանչյուր Խոսքով: Մեր Փրկիչն ասում է. «Իմ կերակուրն այն է, որ Ինձ ուղարկողի կամքն անեմ և Նրա գործը կատարեմ» (Հովհ.4:34): Պողոսի միջոցով Նա ասում է յուրաքանչյուր սպասավորի. «Եթե այս բաները եղբայրներին խրատ տաս, Քրիստոս Հիսուսի բարի ծառայող կլինես՝ սնված հավատի խոսքերով ու այն բարի վարդապետությամբ, որին հետևեցիր» (1 Տիմ.4:6): 

Այնուամենայնիվ, 2 Տիմ. 4-րդ գլխում գրվածն էլ պիտի կատարվեր՝ գալու է մի ժամանակ, երբ «ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց հատուկ ցանկությունների համաձայն ուսուցիչներ կդիզեն իրենց վրա՝ իրենց ականջներին հաճելի եղածների համեմատ…»: Դրա համար Մատթ. 24:48-50 համարներում խոսվում է նաև չար ծառայի մասին, որն ասում է իր սրտում. «Իմ տերն իր գալն ուշացնում է» (հ. 48): Ինչպես նախ Մարդու Որդին ցանում է բարի սերմը, այնպես էլ բոլոր Իր ուղարկած մարդիկ (Մատթ. 13): Հետո միշտ սողոսկում է թշնամին և ցանում է մոլախոտը, որոմը՝ մեկնությունները: Հավատարիմ և խելացի ծառան ցանում է Խոսքի սերմը և բաժանում է հոգևոր կերակուրը: Չար ծառան ցանում է սեփական մեկնությունները: 

Նրանք, ովքեր Աստծուց են ծնված, հավատում են և ուրախանում են, որ Աստված մեր ժամանակների համար Խոսքը քարոզելու հանձնարարություն է տվել: Երբեք չափազանց շատ չի լինի սա շեշտելը՝ Աստծուց ուղարկվածը քարոզում է միայն Աստծո Խոսքը, և նա, ով Աստծուց է, կլսի միայն Աստծո Խոսքը (1 Հովհ. 4:6) և ոչ թե առասպելները (2 Տիմ. 4:4): 

Պողոսը գրել է. «Այլ ամեն ինչում մեր անձերն ենք ընծայում` որպես Աստծո սպասավորներ` շատ համբերատարությամբ վշտերի մեջ, չարչարանքների ու նեղությունների մեջ...ճշմարտության Խոսքով, Աստծո զորությամբ, արդարության զրահով աջ կողմում և ձախ կողմում, փառքով և անարգանքով, պարսավանքով և գովասանքով. որպես մոլորեցնող, բայց ճշմարիտ» (2 Կորնթ. 6:4-8): 

1 Պետրոս 4-րդ գլխի 12-րդ համարից կարդում ենք, որ հավատացյալները երբեմն պետք է անցնեն փորձությունների միջով, որոնք բորբոքված կրակի նման են, որպեսզի այդպիսով հաղորդակից լինենք Քրիստոսի չարչարանքներին, «որպեսզի Նրա փառքի հայտնության պահին էլ ցնծանք և ուրախանանք» (1 Պետրոս 4:13): 

Մեր Փրկիչն էլ զրպարտությունների է ենթարկվել Իր ծննդյան օրվանից մինչև համբարձման օրը: Դպիրները նրան մեղադրում էին անօրինական ձևով ծնվելու մեջ (Հովհ. 8:41), դիվահար լինելու մեջ (Հովհ. 10:20), Բեեղզեբուղի հետ կապ ունենալու մեջ (Ղուկաս 11:15), մոլորեցնող լինելու (Մատթ. 27:63), նույնիսկ չարագործ լինելու մեջ (Հովհ. 18:30): Նա կրեց բոլոր այդ անարգանքներն ու նույնիսկ ծաղրանքը խաչի վրա: Բայց Զատկի առավոտյան Նա դուրս եկավ գերեզմանից հաղթանակած՝ հաղթեց սատանային, մահին, դժոխքին և հայտարարեց. «Երկնքում ու երկրիս վրա ամեն իշխանություն ինձ տրվեց»: Նա երկինք բարձրացավ ցնծության գոչյուններով (Սաղմոս 47:6, 68:19, Ղուկաս 24:50-53, Գործք 1:9-11): 

Այն, ինչ եղավ Տիրոջ հետ, կլինի նաև իր ծառաների հետ. «Հիշեցեք այն Խոսքը, որ Ես ասացի ձեզ, թե ծառան իր Տիրոջից մեծ չէ. եթե Ինձ հալածեցին, ձեզ նույնպես պիտի հալածեն, եթե Իմ Խոսքը պահեցին, ձերն էլ պիտի պահեն» (Հովհ. 15:20): Նա նաև ասաց. «Երանի ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն և հեռացնեն իրենց ընկերությունից, նախատեն ու վատաբանեն Մարդու Որդու համար» (Ղուկաս 6:22):

Բայց կկատարվի նաև սա՝ «Նրանք, որ արցունքով են ցանում, ցնծությամբ են հնձելու: Նա, ով լալով է գնում` թանկագին սերմը տանելով, անկասկած ցնծալով է վերադառնալու` իր խրձերը բերելով» (Սաղմոս 126:5,6): Երբ Տերն Իր վերադարձի ժամանակ հայտնվի փառքով, այդ ժամանակ մենք էլ կուրախանանք ու կցնծանք. «Ում դուք չտեսաք սիրում եք, և Ում, թեև հիմա չեք տեսնում, բայց Նրան հավատալով` ուրախանում եք անպատմելի և փառավոր խնդությամբ» (1 Պետրոս 1:8): Այժմ մենք անարգանք ենք կրում Իր անվան համար, բայց երբ Նա վերադառնա, մենք կցնծանք, կուրախանանք և կստանանք փառաց պսակը (1 Պետրոս 5:4): Առաջին անգամ Նա եկավ մեր մեղքերի համար, երկրորդ անգամ կգա բոլոր Իրեն սպասողների համար (Եբր. 9:28), բոլոր Իր գալուստը սիրողների համար (2 Տիմ. 4:8), բոլոր պատրաստ եղողների համար (Մատթ. 25:10): 

Հովհաննես առաքյալը քաջալերում է մեզ. «Եվ այժմ, որդյակներ, մնացեք Նրա մեջ, որ երբ Նա հայտնվի, մենք համարձակություն ունենանք, և Նրա գալու պահին Նրա առջև չամաչենք… և տակավին հայտնված չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է» (1 Հովհ.2:28, 3:2):

Ի՞նչ է կատարվելու, երբ Տերը մռնչա առյուծի նման

Եվս մեկ անգամ ասենք, որպեսզի վերջին մարդն էլ հասկանա. նա, ով հավատում է այնպես, ինչպես Գիրքն է ասում, յուրաքանչյուր թեմային վերաբերող աստվածաշնչյան համարների հայտնություն կստանա: Հայտնության 10-րդ գլխում Տերն իջնում է որպես Ուխտի Հրեշտակ՝ բացված գրքույկով, ոտքերը դնում է ծովի և ցամաքի վրա և բարձրաձայն աղաղակում է, ինչպես առյուծն է մռնչում: Այս համատեքստում բանալի բառը «մռնչալ»-ն է: 

1963 թվականի մարտի 17-ին «Անցում» քարոզում Բրանհամ եղբայրը կարդաց Հայտն. 10:1 համարը և անմիջապես ասաց. «Եթե նկատեցիք, դա Քրիստոսն է: Հին Կտակարանում Նա կոչվել է Ուխտի Հրեշտակը: Նա անմիջապես գալիս է հրեաների մոտ, որովհետև Եկեղեցու հետ գործն ավարտվել է, Եկեղեցին հափշտակվել է»

Դա Մաղաքիա 3:1 համարի երկրորդ մասի իրականացումն է. «Եվ հանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը, որին դուք որոնում եք, և ուխտի հրեշտակը, որին դուք հավանում եք. ահա նա գալիս է,-ասում է զորաց Տերը»:

Այն, ինչ կկատարվի իսրայելացի հավատացյալների հետ, նույնպես կանխասվել է մարգարեական Խոսքում: Այն ժամանակ կիրականանա սա՝ «Եվ Տերը պիտի գոչի Սիոնից և Երուսաղեմից ձայն պիտի տա, և երկինքն ու երկիրը պիտի դողան, բայց Տերը ապավեն կլինի իր ժողովրդի համար, և ամրոց՝ Իսրայելի որդիների համար» (Հովել 3:16): 

«Տիրոջ հետևից պիտի գնան. առյուծի պես մռնչալու է նա. երբ մռնչա, այնժամ որդիները դողալով կգան արևմուտքից» (Ովսե 11:10):

«Տերը մռնչալու է Սիոնից ու ձայն է տալու Երուսաղեմից, հովիվների արոտները, սգի են մատնվելու, ու Կարմելի գագաթը չորանալու է» (Ամովս 1:2):

Միայն այն ժամանակ, երբ Նա մռնչա առյուծի պես, կգա այն պահը, երբ կլսվի յոթ որոտների ձայնը (Հայտն. 10:3): Երբ Հովհաննեսն ուզում էր գրել այն, ինչ ասվել էր, երկնքից մի ձայն նրան ասաց. «Կնքի՛ր այն բաները, որ յոթ որոտմունքները խոսեցին, և սրանք մի՛ գրիր» (հ. 4): Թող Աստված բոլորի մեջ սուրբ վախ դնի, որ հարգեն սա, որովհետև դա է ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ: 

Ուխտի Հրեշտակը, որը ոտքը դնում է ծովի և ցամաքի վրա և մռնչում է առյուծի նման, Իր ձեռքը բարձրացնում է երկինք և երդվում Նրանով, որ ապրում է հավիտյան, «թե այլևս ժամանակ չի լինելու..»: Դանիել մարգարեի գրքի 12-րդ գլխի յոթերորդ համարում խոսվում է այդ երդման մասին՝ ճշգրիտ նշելով ժամանակը. «…երդում արեց հավիտյանս կենդանի եղողով, թե մի ժամանակ, ժամանակներ և կես. և երբ վերջանա սուրբ ժողովրդի ձեռքի փշրվելը, այս ամենը պիտի կատարվի»: Ամե՛ն: Մարգարեական Խոսքում շատ պարզ ասվում է, որ երդման ժամանակից հետո երեքուկես տարի կանցնի մինչև ամեն բան կատարվի վերջին ժամանակահատվածում: Դանիել 7:25 համարում նույնպես կարդում ենք Իսրայելի հետ կապված երեքուկես տարվա վերաբերյալ, իսկ Հայտն. 12:14 համարում տեսնում ենք՝ մի ժամանակ, ու ժամանակներ ու կես ժամանակ, ինչպես Դանիել 12:7 համարում: 

Ակնհայտ է, որ այլևս չի խոսվում Հարս-Եկեղեցու մասին, որը հափշտակվել է, այլ նեղության ժամանակաշրջանի և Իսրայելի մասին: Դանիել մարգարեին ասվեց. «Ու եկա քեզ հասկացնելու, թե վերջին օրերին ինչ պիտի պատահի քո ժողովրդին, որովհետև տեսիլքը տակավին շատ օրերի համար է» (Դանիել 10:14): Համապատասխան աստվածաշնչյան համարների օգնությամբ դժվար չէ այս մեծ իրադարձությունը դասավորել ճիշտ ձևով, այսինքն՝ սուրբգրային ձևով: Քանի որ դա այլևս չի վերաբերում Հարս-Եկեղեցուն, այլ Իսրայելի ժողովրդին, մենք կարիք չունենք անհանգստանալու դրա հետ կապված իրադարձությունների համար: Աստված մինչև վերջ հոգ կտանի Իր ժողովրդի համար:

Վերջին ժամանակն է, Նրա գալուստը մոտ է

Մատթ. 24-րդ, Մարկոս 13-րդ և Ղուկաս 21-րդ գլուխներում Տերը նաև խոսել է Քրիստոսի վերադարձին նախորդող զարգացումների մասին: Նա այս սերունդը համեմատեց Նոյի ժամանակվա սերնդի հետ (Ծննդոց 6 և 9) և Սոդոմի ու Գոմորի վիճակի հետ (Ծննդոց 19, Ղուկաս 17): Լինելու է այնպես, ինչպես այն ժամանակ է եղել, և իրոք այդպես է: 

Աստծո Խոսքը և արարչագործության ողջ կարգը ժամանակակից հասարակության կողմից դիտվում են որպես հնաոճ: Դա վերաբերում է զույգերին, ընտանիքին և մյուս ավանդական արժեքներին: 

Պողոս առաքյալը, որը հատկապես քննադատվում է աստվածաբանների կողմից նկարագրեց ընդհանուր վիճակը Հռոմ. 1:24-32 համարներում. «Այս պատճառով Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, և նույնիսկ նրանց կանայք բնական գործածությունը փոխարինեցին հակաբնականով. այդպես էլ տղամարդիկ, կնոջ բնական գործածությունը թողած, իրենց ցանկություններով միմյանց հանդեպ մոլուցքով վառվեցին. տղամարդիկ տղամարդկանց խայտառակություն էին գործում…»: Դա նույնպես կատարվում է մեր աչքերի ու ականջների առջև: 

Եկեղեցիներն էլ, մյուսների նման, հարմարվում են ժամանակի ոգուն: Վերջերս կարելի էր կարդալ այսպիսի վերնագիր՝ «Շրջադարձ կաթոլիկ եկեղեցում. Վատիկանը մոտենում է համասեռամոլներին ու լեսբուհիներին: Պարզաբանում. համասեռամոլները կարող են հարստացնել քրիստոնեական համայնքը իրենց տաղանդներով և հատկություններով»: 

Բնականաբար, ամեն մարդ իրավունք ունի ապրել այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում, և ոչ ոքի չպետք է արհարմարհել կամ խտրականության ենթարկել իր կենսակերպի պատճառով: Մարդու արժանապատվությունը անձեռնմխելի է:

Մինչդեռ նրա համար, ով հավատում է Աստծուն և իրոք վերստին ծնված է Հոգուց, Աստծո Խոսքը այսօր էլ մնում է պարտադիր ուղեցույց: Նա, ով պատկանում է Տիրոջ ճշմարիտ Եկեղեցուն, հարգում է Աստծո արարչագործության կարգը զույգի կյանքում և ընտանիքում, ինչպես նաև եկեղեցական կարգը և փրկության ծրագիրը, որը Նա մեզ փոխանցել է Իր Խոսքում: Նա աստվածային կարգին ենթարկվում է թե՛ մարմնավոր, թե՛ հոգևոր ոլորտում: 

Բայց նախ պետք է կատարվի այն, ինչ ազդարարվեց բոլոր լսողներին առաջին քարոզի ժամանակ, երկու հազար տարի առաջ, նորկտակարանյան Եկեղեցու հիմնադրման ժամանակ. «Ապաշխարեցե՛ք և ձեզանից ամեն մեկը թող Հիսուս Քրիստոսի Անունով մկրտվի՝ մեղքերի թողության համար և Սուրբ Հոգու պարգևը կստանաք: Որովհետև այս խոստումը ձեզ ու ձեր զավակների համար է, նաև այն հեռավորների համար, ում մեր Տեր Աստված կկանչի» (Գործք 2): Այսօրվա քարոզը պետք է համապատասխանի առաջին քարոզին, և Եկեղեցու վերջին շրջանի հավատացյալների համար պատվերները նույնն են, ինչ առաջին դարի հավատացյալների համար: Նա, ով թույլ չի տալիս, որ Սուրբ Հոգին իրեն հանդիմանի և չի ընդունում փրկագնման պարգևը, թույլ չի տա, որ իրեն առաջնորդեն ապաշխարության: 

Ոչ ոք չի կարող փրկել ինքն իրեն. յուրաքանչյուրը պետք է կանչի Տիրոջ և Փրկչի Անունը, աղոթքով ներում և ազատություն խնդրի և հետո կարող է այսօր նույնպես ապրել այս խոստումի իրականացումը. «Քանի որ ով, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Հռոմ.10:13): «Ընդունելի ժամանակին քեզ լսեցի և փրկության օրը քեզ օգնեցի: Ահա՛, հիմա է ընդունելի ժամանակը, ահա, հիմա է փրկության օրը» (2 Կորնթ. 6:2):

Աստծո Շնորհքով հավատացյալների կյանքը համապատասխանում է Աստծո Խոսքին թե՛ հոգևոր, թե՛ մարմնավոր ոլորտում: Որովհետև նա, ով Աստծո Խոսքի մեջ է, կարող է նաև Աստծո կամքի մեջ լինել, և միայն այդպես կարող ենք քայլել Աստծո հետ, ինչպես Ենովքը հափշտակվելուց առաջ (Եբր. 11:5): Այդպես Աստծո հաճությունը կհանգչի մեզ վրա, և մենք, որպես կատարյալ Հարս, կարող ենք գնալ հարսանիքի ընթիքին Փեսայի հետ: Ամեն:

«…Որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որ որ մի արատ կամ խորշոմություն կամ ուրիշ բաներ չունենա, որ սուրբ ու անարատ լինի» (Եփես.5:27):

Բազում միսիոներական ճանապարհորդություններ են ծրագրված գալիք ամիսների համար: Խնդրում եմ, որ ինձ հիշեք ձեր աղոթքներում:

Գործելով Աստծո հանձնարարությամբ՝  

Էվալդ Ֆրանկ