Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ և թանկագին անունով սրտանց ողջունում եմ ողջ աշխարհում գտնվող բոլոր եղբայրներին ու քույրերին քահանայապետական աղոթքում ասված Իր իսկ խոսքերով. “Ես Քեզ փառավորեցի երկրի վրա, Ես կատարեցի այն գործը, որ Դու ինձ տվեցիր անելու” (Հովհ. 17:4):
Ոչ մի ուրիշ թեմա այնքան չի հուզում հոգիները և այնքան արագորեն բաժանում նրանց, որքան Աստծո վերաբերյալ թեման: Բայց վերջում ոչ ոք Նրանից չի փախչի, նույնիսկ աթեիստը: Ամեն մարդ ծնվում է որոշակի գաղափարախոսության մեջ, և մարդկանցից մեծամասնությունը մինչև վերջ մնում են դրանում, առանց ջանալու համոզվել դրա ճշգրտության և ճշմարտացիության մեջ: Ամենուրեք ընդունված է շարունակել ապրել հայրերից ժառանգած ավանդույթներով: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր կատարում են իրենց կրոնական պարտականությունները, ըստ էության ուզում են, որ իրենց հանգիստ թողնեն և չխոսեն Աստծո վերաբերյալ թեմաներով: Նրանք ուզում են մի Աստծո, որը համապատասխանում է իրենց կրոնին և կարծիքին: Այդպիսի զարգացման պատճառը միայն կրոնի մեջ չէ: Ծնված օրվանից մինչև մեռնելը մարդիկ շրջապատված են կրոնական ծեսերով և արարողություններով և երբեք չեն լսել աստվածային փրկության Պատգամը ու չեն գտել ներքին խաղաղություն:
Քրիստոսի երկրորդ գալուստը Նրա խոստացված վերադարձն է (Հովհ. 14:1-3): Նա վերադառնում է բոլոր փրկագնվածների համար, ովքեր սպասում են Իրեն: Նա վերադառնում է բոլոր փրկագնվածների համար, ովքեր պատրաստ են. «… պատրաստները նրա հետ հարսանիքի խնջույքի մտան. դուռն էլ փակվեց» (Մատթ. 25:10): Նա վերադառնում է բոլոր փրկագնվածների համար, ովքեր սիրում են Նրա հայտնությունը. «Եվ նրանք, ովքեր սիրեցին նրա հայտնությունը», կստանան արդարության խոստացված պսակը (2 Տիմ.4:8):
Սրտանց ողջունում եմ ձեզ Գործք 26:22 համարի խոսքերով. «Բայց քանի որ Աստված ինձ օգնում էր, ես մինչև այսօր շարունակում եմ փոքրին ու մեծին վկայել, ուրիշ ոչինչ չասելով, բացի նրանից, որ մարգարեներն ու Մովսեսն էին ասել գալիք բաների մասին» (Գործք 26:22): Ամե՛ն: Դա կատարվեց հատկապես Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ, երբ իրականացան հարյուրից ավելի մարգարեություններ, և կատարվում է հիմա, երբ իրականանում են վերջին մարգարեությունները:
Այս գրքույկի նպատակն է նոր լիցք հաղորդել ընթերցողներին: Մեր նպատակն է այնպես անել, որ ամեն մարդ ուշադիր լինի, որպեսզի այս թեմայի վերաբերյալ ամեն բան պարզ դառնա նրա համար: Իրենց լռությամբ շատերը մեծ մեղք են վերցրել իրենց վրա, բայց մյուս կողմից, նա, ով իր խոսքերով և գրածներով հեռանում է ընդհանուր միտումներից, վատ տպավորություն է թողնում: Համենայն դեպս, հնարավոր չէ բոլորին հաճելի լինել: