'

Շրջաբերական նամակ — Դեկտեմբեր 2020

ՙՀիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան՚ Շրջաբերական նամակ Դեկտեմբեր 2020 Ողջ սրտով ողջունում եմ ողջ աշխարհի բոլոր եղբայրներին և քույրերին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի թանկագին անունով, 1 Հովհ. 2:27-ի խոսքերով. ՙՍակայն այն օծումը, որ Նրանից ստացաք, բնակվում է ձեր մեջ, և կարիք չունեք, որ որևէ մեկը ձեզ սովորեցնի. այլ ինչպես նույն օծությունը սովորեցնում է ձեզ ամեն ինչի մասին, և ճշմարտությունն է և սուտ չէ, ինչպես ձեզ սովորեցրել է՝ պիտի մնաք Նրա մեջ՚ (1 Հովհ. 2:27): Թող այս խոսքերը խորապես թափանցեն յուրաքանչյուր սրտի մեջ և դառնան իրականություն: Սուրբ Հոգու անմիջական օծության և ներշնչանքի ներքո մարգարեները նախապես հաղորդել են ողջ փրկության ծրագիրը Աստծո Խոսքում: Նույն օծությունը հանգչում էր մեր Փրկչի վրա: Նա Քրիստոսն էր՝ Օծյալը: Ղուկաս 4:18-19 համարներում մեր Փրկիչը մի հատված կարդաց Եսայի մարգարեի գրքի 61-րդ գլխից, առաջին համարը և երկրորդ համարի կեսը. ՙՏեր Աստծո Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ հեզերին ավետարանը քարոզելու. Նա ինձ ուղարկեց կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն ու կապյալներին բանտի բացվելը հայտարարելու. հռչակելու Տիրոջ ընդունելի տարին՚: Եվ մենք, որպես ճշմարիտ հավատացյալներ, ստացել ենք նույն Հոգին, նույն օծությունը, նույն ուսմունքը և Հիսուս Քրիստոսի նույն հայտնությունը: Պողոսն անմիջական կոչում էր ստացել, գտնվում էր Աստծո Հոգու օծության և ներշնչանքի տակ և այնքան համոզված էր իր քարոզչության մեջ, որ ասաց. ՙԵթե մեկը ուրիշ ավետարան քարոզի, նզովյալ լինի՚ (Գաղատ. 1:8): Ուիլյամ Բրանհամը՝ մեր ժամանակների Աստծո մարդը նույնպես անմիջական կոչում էր ստացել Աստծուց և գտնվում էր Սուրբ Հոգու օծության և ներշնչանքի տակ, քարոզեց հավիտենապես ճշմարիտ Ավետարանը: Ես էլ կարող եմ նույն բանը վկայել իմ կոչման հետ կապված: Հաստատ է այն, որ երբ Տեր Աստված կանչում է մեկին, ուրեմն Նա վստահում է այդ մարգարեին, առաքյալին, ծառային, որին սահմանել է ծառայության համար: Այսօր էլ ուժի մեջ է այն, ինչ Տերն ասաց Հովհ. 20:21 համարում. ՙՀիսուսը դարձյալ ասաց նրանց.ՙԽաղաղություն ձեզ. ինչպես Իմ Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում՚ (Հովհ.20:21): Այն, ինչ մեր Տերն ասաց Հովհ. 13 :20 համարում, նույնպես կապված է աստվածային հանձնարարության հետ: ՙՃշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ՙՈվ որ ընդունի նրան, ում ես կուղարկեմ, ինձ է ընդունում, իսկ ինձ ընդունողը ինձ ուղարկողին է ընդունում՚: Մեր ներածական խոսքում Հովհաննես առաքյալը գրում է, որ օծությունը մնում է Աստծո ճշմարիտ որդիների վրա: Պետք է շեշտել, որ ոչ մի սուտ չի գալիս Ճշմարտությունից (հ. 21): 20-րդ համարում կարդում ենք. ՙԵվ դուք այն սրբից օծում ունեք և ամեն բան գիտեք՚ (1 Հովհ.2:20): Այս ժամանակաշրջանում հենց մեզ են ուղղված 28-րդ համարի խոսքերը. ՙԵվ այժմ, որդյակներ, մնացեք Նրա մեջ, որ երբ Նա հայտնվի, մենք համարձակություն ունենանք, և Նրա գալու պահին Նրա առջև չամաչենք՚ (1 Հովհ.2:28): Մենք բոլորս սպասում ենք Հիսուս Քրիստոսի հայտնությանը և փափագում ենք ներկա լինել Նրա վերադարձի ժամանակ: Մեզ համար մեծ կարևորություն ունի այս հորդորանքը՝ ՙՈրդյակներ, մնացեք Նրա մեջ՚: Հովհ. 15:5 համարում մեր Փրկիչն ասում է. ՙՆա, ով մնում է Իմ մեջ և Ես նրա մեջ, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց Ինձ ոչինչ չեք կարող անել՚: Այսօր այս գրվածը կատարվեց Մենք ապրում ենք Հիսուս Քրիստոսի վերադարձից առաջ ամենավերջին Ժամանակաշրջանում: Մեր ականջներով լսում ենք, մեր աչքերով տեսնում ենք, թե ինչպես են բառացիորեն իրականանում մեր Ժամանակաշրջանի համար նախատեսված աստվածաշնչյան մարգարեությունները: Լինի դա Իսրայելի ժողովրդի վերադարձը, պատերազմներն ու խռովությունները, երկրաշարժերը, սովերն ու համաճարակները: Այդ ամենը կանխասել էր մեր Տերը (Ղուկաս 21): Մենք տեսնում ենք գլոբալ տաքացումը, կլիմայական փոփոխությունները և ամեն տեսակի բնական աղետները: Նոր վիրուսի պատճառով, որը հայտնի դարձավ ՙկորոնա՚ անունով և որը տարածվեց աշխարհով մեկ, ամեն բան փոխվել է, և այլևս ոչինչ առաջվա նման չի լինելու: Վերջին Ժամանակաշրջանի հետ կապված գլխավոր նշանն է Իսրայելի վերադարձը խոստումի երկիր: ՙՈրովհետև Տերը ողորմելու է Հակոբին և տակավին ընտրելու է Իսրայելին, և նրանց տեղավորելու է իրենց սեփական երկրում …՚ (Եսայի 14:1): Այդ Խոսքն իրականացավ մեր աչքերի առաջ: Իսրայելի պետությունը նորից գոյություն ունի 1948 թվականից: Վերջերս խաղաղության գործընթացը Միջին Արևելքում առանձնահատուկ ուշադրություն է գրավել: 2020 թվականի սեպտեմբերին Արաբական Էմիրություններն ու Բահրեյնը Իսրայելի հետ ստորագրել են խաղաղության պայմանագիր, որը հայտնի է ՙԱբրահամի համաձայնագրեր՚ անվամբ, ինչպես նախկինում այդ արել էր Եգիպտոսը 1979 թվականին և Հորդանանը՝ 1994 թվականին: Շուտով նրանց կհետևեն այլ իսլամական երկրներ: Սաուդյան Արաբիայի հաշտությունն Իսրայելի հետ Միջին Արևելքում խաղաղության համար կտանի վճռական ճեղքման, մինչև որ վերջապես կնքվի այն պայմանագիրը, որի մասին խոսվում է Դանիել 9:27 համարում: Իսրայելի հետ բոլոր մասնակի պայմանագրերից հետո, ողջ աշխարհում ընդունված իշխանության միջոցով կկնքվի պայմանագիրը, որի մասին խոսել է Դանիելը: Երբ այդ խաղաղությունը, որը կլինի միայն կեղծ խաղաղություն, լինի, կասեն. ՙխաղաղություն և ապահովություն է՚, բայց ՙայն ժամանակ նրանց վրա կորուստը կհասնի, ինչպես ցավը՝ հղիի վրա, ու նրանք չեն ազատվի՚ (1 Թես.5:3): Մենք տեսնում ենք խաղաղության գործընթացի ձևավորումը ամենօրյա լրագրերում: Հափշտակությունն ու վերջնական խաղաղության պայմանագրի կնքումը տեղի կունենան համարյա միաժամանակ: Հեթանոսների համար շնորհքի ժամանակաշրջանը ավարտվում է hափշտակության ժամանակ, և սկսվում են հազարամյա թագավորությունից առաջ ընկած յոթ տարիները: Առաջին երեքուկես տարվա ընթացքում կհայտնվեն երկու մարգարեները Հայտն. 11-րդ գլխի համաձայն, և նրանց ծառայությամբ կկատարվի Իսրայելի 12 ցեղերից 144000 հոգու կնքումը: Յոթ տարիների կեսին ուխտը կխախտվի, կսկսվի մեծ նեղությունը, և Իսրայելը հեթանոսների կողմից ոտնակոխ կլինի 42 ամիս (Հայտն. 11:2): Քրիստոսով մահացածների առաջին հարությունը տեղի կունենա Տիրոջ վերադարձի ժամանակ (1 Թես. 4:13-18): Հայտն. 20:4-6 համարներում խոսվում է նահատակների հարության մասին, որոնք գալիս են մեծ նեղությունից (Հայտն. 7:13,14): Նրանք չեն մասնակցի hափշտակությանն ու հարսանյաց խնջույքին, բայց կմասնակցեն հազարամյա թագավորությանը: ՙՏեսա… նրանց հոգիները, որ գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծո Խոսքի համար, և նրանց, որ չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա արձանին և նրա դրոշմը չառան իրենց ճակատին, ոչ էլ իրենց աջ ձեռքին, սրանք կենդանացան ու Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին: Իսկ մնացյալ մեռելները չկենդանացան, մինչև որ հազար տարին լրանա: Սա առաջին հարությունն է: Երանելի և սուրբ է, ով բաժին ունի հարության մեջ. սրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի, այլ Աստծո և Քրիստոսի քահանաներ կլինեն և նրա հետ հազար տարի կթագավորեն՚ (Հայտն.20:4-6): Բոլոր մյուսները կմասնակցեն միայն երկրորդ հարությանը, որը միաժամանակ կլինի վերջին դատաստանը հազարամյա թագավորությունից հետո (Հայտն. 20:1-5): Չենք ուզում ավելի մանրամասն խոսել այս թեմաների շուրջ, բայց տեսնում ենք, որ վերջին ժամանակը շատ է առաջ գնացել: Մեզ համար կարևոր է, որ ճշմարիտ հավատացյալները պատրաստ լինեն, որ մասնակցեն hափշտակությանը(1 Թես. 4:13-18): Ներկայումս կատարվածը տեսնելով՝ կարող ենք անել այն, ինչ մեր Տերն ասաց. ՙԵվ երբ այս բաներն սկսեն լինել, վերև նայեցեք ու ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտ է՚ (Ղուկաս 21:28) : Մենք կարող ենք անդադար կրկնել՝ այսօր այս գրվածն իրականացավ մեր աչքերի առաջ: Մատթ. 24 :14-ում մեր Տերն ասաց. ՙԵվ արքայության այս Ավետարանը ամբողջ տիեզերքում կքարոզվի՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը՚ (Մատթ.24:14): Երբեք Հիսուս Քրիստոսի հավիտենապես ճշմարիտ Ավետարանը չի տարածվել աշխարհով մեկ այնպես, ինչպես այսօր: Անցյալում՝ Ռեֆորմացիայից առաջ և հատկապես դրանից հետո միշտ եղել են հոգևոր արթնություններ, բայց դրանցից ոչ մեկի ժամանանակ ճշմարիտ լրիվ Ավետարանը չի քարոզվել Սուրբ Հոգու օծությամբ, ինչպես եղել է նորկտակարանյան եկեղեցու հիմնադրման ժամանակ: Հիմա պիտի քարոզվի ճշմարիտ Ավետարանը, որն ընդգրկում է բոլոր աստվածաշնչյան ուսմունքները՝ աստվածությունը, մկրտությունը, Տերունական ընթրիքը և այլն, այնպես, ինչպես եղել է սկզբում: Մեր Տիրոջ ու Փրկչի մասին գրված է, որ Նրան ՙերկինքը պետք է ընդունի, մինչև ամեն բաների հատուցման ժամանակները, որոնց մասին Աստված խոսեց Իր սուրբ մարգարեների բերանով աշխարհի սկզբից ի վեր՚ (Գործք 3:21): Մեր ժամանակաշրջանում շատ ավետարանիչներ, ներառյալ խարիզմատիկ շարժման ավետարանիչները, քարոզել են իրենց սեփական ավետարանը: Բոլորը շրջանցել են այն մեծ խոստումը, որը պետք է իրականանա Քրիստոսի վերադարձից առաջ: Ինչպես Աստծո փրկության ծրագիրը Նոր Կտակարանում սկսվեց աստվածաշնչյան մարգարեության իրականացումով, այնպես էլ կավարտվի աստվածաշնչյան մարգարեության իրականացումով: Մարկոս 1-ին գլխում կարդում ենք. ՙԱստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկիզբը: Ինչպես գրված է մարգարեներում. ՙԱհա Ես ուղարկում եմ Իմ դեսպանին Քո երեսի առջևից, որը Քո ճանապարհը պիտի պատրաստի Քո առջև՚ (Մաղաքիա 3 :1): Անապատում կանչողի ձայնը՝ ՙՏիրոջ ճանապարհը պատրաստեցեք, Նրա շավիղներն ուղղեցեք՚ (Եսայի 40 :3): Հովհաննեսը մկրտում էր անապատում և քարոզում ապաշխարության մկրտություն՝ մեղքերի թողության համար: Եվ ամբողջ Հրեաստանը և Երուսաղեմում գտնվողները նրա մոտ էին գնում, և բոլորը մկրտվում էին նրանից Հորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը՚ (հհ. 1-5): Աստծո մարդն ասաց նրանց, ովքեր հավատում էին իր պատգամին. ՙԵս ձեզ ջրով մկրտեցի, բայց Նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով՚ (հ. 8): Երբ Հիսուսը հայտնվեց, Նա քարոզեց. ՙՀասել է ժամանակը, և մոտեցել է Աստծո թագավորությունը՚ (հ. 15): Իր առաջին քարոզում, Սուրբ Հոգու հեղումից հետո Պետրոսը խոսք վերցրեց և Սուրբ Հոգու օծությամբ և ներշնչանքով ասաց. ՙԱպաշխարեցե՜ք և ձեզանից ամեն մեկը թող Հիսուս Քրիստոսի Անունով մկրտվի՝ մեղքերի թողության համար և Սուրբ Հոգու պարգևը կստանաք: Որովհետև այս խոստումը ձեզ ու ձեր զավակների համար է, նաև այն հեռավորների համար, ում մեր Տեր Աստված կկանչի՚ (Գործք 2:38,39): Ժամանակը լրացել է: Հիմա՝ շնորհքի ժամանակաշրջանի վերջում, տեսնում ենք Եկեղեցու համար սահմանված աստվածաշնչյան մարգարեության իրականացումը, ինչպես եղել է սկզբում: Դրա վերաբերյալ, օրինակ, գրված է Մաղաքիա 4:5 համարում. ՙԱհա Եղիա մարգարեին պիտի ուղարկեմ ձեզ մոտ, նախքան Տիրոջ մեծ ու ահեղ օրվա գալը. նա հայրերի սիրտը որդիներին ու որդիների սիրտը՝ հայրերին պիտի դարձնի...՚: Հովհաննես Մկրտչի ծառայությամբ Հին Կտակարանի հայրերի սիրտը դարձավ Նոր Ուխտի զավակներին (Ղուկաս 1 :17): Բրանհամ եղբոր ծառայությամբ համարի երկրորդ մասն իրականացավ՝ Աստծո զավակների սիրտը վերադարձավ սկզբին՝ առաքելական հայրերի ճշմարիտ հավատքին: Տեր Հիսուսը հաստատել է Հին Կտակարանի այդ խոստումը Մատթ. 17:11 համարում. ՙՃշմարիտ է, առաջ Եղիան պիտի գա և ամեն բան վերականգնի՚: Մաղաքիա մարգարեն դա հաղորդել էր Սուրբ Հոգուօծությամբ, մեր Փրկիչը դա հաստատեց Սուրբ Հոգուօծությամբ, և հիմա բոլոր նրանք, ովքեր իրոք սովորել են Սուրբ Հոգու օծությունից, հավատում են խոստմանը և տեսնում են դրա իրականացումը: Աստված տուն կանչեց Իր ծառային 1965 թվականի դեկտեմբերին, բայց այդ ժամանակվանից իր քարոզած բնօրինակ աստվածաշնչյան պատգամը տարածվեց աշխարհով մեկ աստվածային հանձնարարության համաձայն: Այժմ մենք կարող ենք ասել՝ նա, ով Աստծուց է, լսում է Աստծո Խոսքը (Հովհ. 8 :47): Բայց նաև կարող ենք հարցնել՝ ո՞վ հավատաց մեր տված լուրին, Տիրոջ բազուկը ու՞մ հայտնվեց (Եսայի 53:1, Հռոմ. 10 :16): Մարգարեական ծառայությունը Ինձ համար շատ կարևոր է այն, որ անձամբ ճանաչել եմ Աստծո մարդուն՝ Ուիլյամ Բրանհամին տասը տարի և մասնակցել եմ Հիսուս Քրիստոսի լրիվ Ավետարանի քարոզչությանն ու Աստծո գերբնական գործողությանը նրա հավաքույթներում հիվանդների համար աղոթքի ժամանակ: Ինչ վերաբերում է Բրանհամ եղբոր ծառայությանը, կարևոր է շեշտը դնել Ամովս 3:7 համարի վրա, ինչպես ինքն էլ հաճախ արել է. ՙՈրովհետև Տեր Եհովան ոչ մի բան չի անի, եթե չհայտնի Իր խորհուրդը Իր ծառաներին՝ մարգարեներին՚ (Ամովս 3:7): Աստծո կողմից հաստատված այս փաստը կարևոր նշանակություն ունի, և ես խնդրում եմ հարգել այն, ինչ Աստված է ասել: Մեր տերը Մարգարե է հռչակվել 2 Oրինաց 18:15 համարում. ՙՁեր Տեր Աստվածը ձեր եղբայրների միջից ինձ նման մարգարե կհանի, ամեն բանում, ինչ որ ձեզ ասի, լսեցեք Նրան՚: Պետրոս առաքյալը այդ խոստումը հաստատեց, որպես Հիսուսի վերաբերյալ իրականացած` Գործք 3:22-23 համարներում. ՙՄովսեսն ասաց. ՙՁեր Տեր Աստվածը ձեր եղբայրների միջից ինձ նման մարգարե կհանի. ամեն բանում, ինչ որ ձեզ ասի, լսեցեք Նրան: Եվ այնպես կլինի, որ ամեն մարդ, ով այն մարգարեին չլսի, ժողովրդի միջից պիտի ջնջվի՚: Եսայի 42:1 համարում Տերը՝ մեր Փրկիչը կոչվեց ծառա. ՙԱհա Իմ ծառան, որին ես հաստատել եմ, Իմ ընտրածը, որին հավանել է Իմ Հոգին, Ես Իմ Հոգին դրել եմ Նրա վրա, Նա իրավունքը պիտի հանի ազգերի համար: Նա չի աղաղակի ու ձայն չի բարձրացնի, և իր ձայնը լսել չի տա դրսում՚ (Եսայի 42:1): Մենք դրա հաստատումը գտնում ենք Մատթ. 12:18 համարում. ՙԱհա Իմ ծառան, ում ընտրեցի, Իմ սիրելին, ում անձս հավանեց. Իմ Հոգին Նրա վրա պիտի դնեմ, և Նա արդարությունը հեթանոսներին պիտի հայտնի՚: Ճշմարիտ մարգարեն Աստծո ծառա է, որի միջոցով անմիջականորեն կատարվում է Աստծո ծառայությունը: Որպես մարգարե՝ տեսիլքում տեսնում է այն, ինչ Աստված կամենում է կատարել, որպես ծառա՝ տեսածն իրականացնում է կատարյալ հնազանդությամբ: Ես դա բազմիցս անձամբ տեսել եմ Բրանհամ եղբոր ծառայության միջոցով, նրա հավաքույթներում: Նա իր մասին խոսում էր որպես մարգարե, նաև որպես ծառա: Այն, ինչ տեսիլքներում տեսնում էր որպես մարգարե, իրականացնում էր որպես ծառա: Հիվանդների համար աղոթքիների ժամանակ Տերը հաճախ Նրան ցույց էր տալիս, թե ով է կանգնած իր առջև, աղոթքի շարքում, որտեղից է եկել և ինչ հիվանդություն ունի: Որպես ծառա՝ կատարում էր հանձնարարությունը և կարող էր, օրինակ, ասել. ՙԴու բժշկվեցիր քաղցկեղից՚: Բրանհամ եղբայրն ընդգծում էր, որ դա նույն ծառայությունն է, որը մեր Փրկիչ Տերն իրականացրել է նախկինում: Հինգ անգամ նա հայտնությամբ ասաց իմ ծառայությանը վերաբերող մանրամասներ: Տեսիլք տեսնողի պարգևի հետ կապված՝ Բրանհամ եղբայրը հաճախ հիշատակում էր երեք իրադարձություն, որոնք եղել են մեր Տիրոջ ծառայության մեջ: Երբ Նա առաջին անգամ հանդիպեց Պետրոսին, ասաց. ՙԴու Սիմոնն ես՝ Հովնանի որդին՚: Նաթանայելին ասաց. ՙՓիլիպոսը դեռ քեզ չկանչած՝ Ես տեսա քեզ, որ թզենու տակ էիր՚ (Հովհ.1): Ջրհորի մոտ կանգնած կնոջն ասաց. ՙԴու հինգ ամուսին ես ունեցել, և նա, ում հիմա ունես, քո ամուսինը չէ՚ (Հովհ.4): Նույն մարգարեական պարգևը երևացել և լսվել է Բրանհամ եղբոր ծառայության երկար տարիների ընթացքում, և նա անդադար ասել է՝ ՙԱյսպես է ասում Տերը՚, և ասվածը կատարվում էր ճիշտ այնպես, ինչպես նա տեսել էր: Ոչ միայն գրված է ՙՀիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան՚ (Եբր.13:8), այլև Նա հայտնվել է մեր ժամանակաշրջանում որպես Նույնը իմ աչքերի առաջ: Նա փրկել է մեղավորներին, ազատել է կապվածներին և բժշկել հիվանդներին: Հազարավոր հավատացյալներ կարող են վկայել այդ մասին: Անցած տարիների ընթացքում միշտ հիշատակել ենք այն կոչումը, այն հանձնարարությունը, որը Տեր Աստված տվել է, և այն գործերը, որոնք Նա կատարել է Բրանհամ եղբոր ծառայության միջոցով: Այսօր կուզեի համառոտ վերադառնալ այն իրադարձությանը, որը տեղի է ունեցել 1963 թվականի փետրվարի 28-ին, որը նախապես հայտնվել էր Աստծո մարդուն: Դա տեղի է ունեցել Սանսեթ լեռան վրա, Արիզոնայում, Թուսոն քաղաքից մոտ 67 կմ հեռավորության վրա: Տերը հայտնվեց գերբնական ամպով, որում գտնվում էին յոթ հրեշտակներ: Այնտեղ նրան պատվիրվեց վերադառնալ Ջեֆերսոնվիլ, որովհետև եկել էր յոթ կնիքների բացահայտման ժամանակը: Այդպիսով, 1963 թվականի մարտի 17-ից 23-ը Աստծո մարդը քարոզեց յոթ կնիքների վերաբերյալ: ԱՄՆ-ի մի քանի ամսագրեր խոսեցին այդ խորհրդավոր ամպի մասին: Դա օրվա թեման էր մամուլի համար, բայց բոլոր այդ ավետարանիչներից, քարոզիչներից ո՞վ նկատեց դա մինչև այսօր: Բոլորն ունեն իրենց սեփական ծրագրերը, բայց չգիտեն, թե Աստված ինչ է խոստացել մեր ժամանակաշրջանի համար: Առանց գիտակցելու նրանք Աստծո ծրագիրն անարգեցին, ինչպես այն ժամանակվա հոգևոր առաջնորդները (Ղուկաս 7 :30): Այդպես է եղել կրոնական աշխարհում Քրիստոսի առաջին գալստի ժամանակ, այդպես է նաև հիմա՝ Նրա երկրորդ գալստից առաջ: Բայց ինչպես որ ճիշտ է, որ Տերն այն ժամանակ ուղարկեց Իր մարգարե Հովհաննեսին՝ Սուրբ Գրքում գրվածն իրականացնելու՝ Տիրոջ համար ժողովուրդ պատրաստելու համար, նույնքան ճիշտ է, որ 1933 թվականի հունիսի 11-ին գերբնական ամպի միջից մի ձայն դիմեց Աստծո մարդուն՝ Ուիլյաամ Բրանհամին, երբ նա մկրտում էր Օհայո գետում. ՙԻնչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց որպես սուրհանդակ Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես էլ դու կուղարկվես մի պատգամով, որը կնախորդի Քրիստոսի երկրորդ գալստին՚: Այսօր մենք կարող ենք վստահ ասել՝ այսօր այդ հանձնարարությունը կատարվեց: Ի՞նչ է ճշմարիտ հավատքը 1963 թվականի նոյեմբերի 24-ին Բրանհամ եղբայրը մի քարոզ արեց՝ ՙԵրեք տեսակի հավատացյալներ՚ վերնագրով: Այդ քարոզում նա խոսեց ճշմարիտ հավատացյալների մասին, կեղծ հավատացյալների ու անհավատների մասին: Աբրահամը ճշմարիտ հավատքի օրինակն է, և նույնիսկ կոչվել է ՙհավատացյալների հայր՚: ՙՈրովհետև ի՞նչ է ասում Գիրքը. ՙԱբրահամը հավատաց Աստծուն, և դա արդարություն համարվեց իրեն՚: Արդ, նրան, որ գործ է անում, վարձը ոչ թե որպես շնորհ է դիտվում, այլ՝ որպես պարտք՚ (Հռոմ. 4:3): Հակոբ առաքյալը ճշմարիտ հավատքը կապել է հնազանդության և գործերի հետ և գրել է, որ հավատքն առանց գործերի մեռած է: Նա ասաց. ՙՉէ՞ որ Աբրահամը՝ մեր հայրը, իր գործերով արդարացավ, երբ իր որդուն՝ Իսահակին դրեց սեղանի վրա՝ զոհաբերելու: Տեսնու՞մ ես, որ հավատքը գործի հետ մեկտեղ էր ու այդ գործերով էր, որ հավատքը կատարյալ եղավ: Ու կատարվեց Գրքի խոսքը, որ ասում է. ՙԱբրահամը հավատաց Աստծուն, և դա նրան արդարության համարվեց, և ինքը Աստծո բարեկամ կոչվեց՚ (Հակոբ 2:21-23): Երբ մեր Տերն ասում է. ՙՈվ որ հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդատապարտվի՚ (Մարկ.16:16), ուրեմն ի՞նչ վիճակում են նրանք, ովքեր ասում են, որ հավատում են, բայց մերժում են ջրով մկրտվել: Այդ դեպքում հավատքն արտահայտվեց գործերով: Խոսքը մեր սեփական գործերի մասին չէ, այդ Խոսքին հնազանդվելու, որն էլ վկայում է մեր հավատքի մասին: Ուրեմն ի՞նչ վիճակում են նրանք, ովքեր ասում են, որ հավատում են, բայց մերժում են այն, ինչ Տերն ասել է մեծ հանձնարարականի վերաբերյալ Մարկոս 16-րդ գլխում: Արդյո՞ք նրանք ճշմարիտ հավատացյալներ են, թե՞ պարզապես կեղծ հավատացյալներ: Մեր Տերն ասել է. ՙ... նա, ով հավատում է Ինձ, գործերը, որ Ես անում եմ, Ինքն էլ պիտի անի…՚ (Հովհ.14 :12) և ՙՆրանց էլ, ովքեր կհավատան, այս նշանները կհետևեն...՚: Միայն այն ժամանակ, երբ Տեր Աստված անձամբ խոսում է մեկի հետ՝ Իր Խոսքի միջոցով և նրան խոստում է տալիս, այդ ժամանակ է, որ մարդը կարողանում է հավատալ և կիրառել Սուրբ Գրքում գրվածը, հնազանդվել և ստանալ խոստացվածը: Ինչ վերաբերում է կեղծ հավատացյալներին, ցավով պետք է ասենք՝ նրանք հավատում, սովորեցնում և աղոթում են՝ անցնելով Աստծո կողքով: Մարդիկ, որոնք վկայակոչում են Աստծո Խոսքը, բայց իրենց պաշտամունքներում լսում են ինքնահնար քարոզներ, որոնք տանում են ինքնահնար հավատքի, ինչպես որ կատարվում է բոլոր հարանվանություններում. դրանք կեղծ հավատացյալներն են: Հայտնի է, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիներն ունեն իրենց սեփական հավատո հանգանակները, որոնք նույնիսկ կոչել են ՙառաքելական՚, բայց ոչ մի կապ չունեն առաքյալների վարդապետության հետ: Ի հավելումն ՙառաքելական՚ կոչվող հավատո հանգանակի, կան նաև Նիկիո հավատո հանգանակը (Քրիստոսի հետո 325 թ.) և Կոստանդնապոլսո հավատո հանգանակը (Քրիստոսից հետո 381 թ.): Մինչդեռ առաքելական հավատքի միակ ճշմարիտ դավանանքը միայն Աստվածաշնչում է՝ որպես Նոր Ուխտի ժառանգություն: Դա միշտ ուժի մեջ է ճշմարիտ հավատացյալների համար. ՙՈվ Ինձ հավատա, ինչպես Գիրքն է ասում...՚ (Հովհ. 7:38): Սեփական ուսմունքներին հավատացողներին Տերն ասում է. ՙՍակայն իզուր են Ինձ պաշտում՝ մարդկանց պատվիրած բաներն իբրև վարդապետություն սովորեցնելով՚ (Մատթ. 15:9): Հավերժ ճշմարիտ է այս խոսքը. ՙԲայց ժամանակ կգա, և հիմա է, երբ ճշմարիտ երկրպագողները հոգով ու ճշմարտությամբ կերկրպագեն Հորը, որովհետև Հայրն իրեն այսպիսի երկրպագողների է ուզում՚ (Հովհ.4:23): Հիմա մենք պետք է լրջորեն մեզ հարց տանք՝ իրականում ու՞մ ենք հավատում. Հավատու՞մ ենք այն բանին, ինչ Աստված է ասել և խոստացել Իր Խոսքում և որը կիրառվում էր սկզբնական քրիստոնեության մեջ, թե՞ հավատում ենք մարդկանց հնարած կանոններին և ուսմունքներին, որոնք սովորեցնում են քրիստոնեական եկեղեցում: Անհավատները միայն նրանք չեն, որոնք բոլորովին չեն հավատում և ժխտում են Աստծո գոյությունը: Այն, ինչ Աստծո մարդ Ուիլյամ Բրանհամն ասաց անհավատության և դրախտում մարդու անկման վերաբերյալ, կարևոր նշանակություն ունի: Դա ամենակարևոր հայտնություններից մեկն է, որը նա Աստծուց ստացավ փրկության ծրագրի վերաբերյալ: Նախ Լուցիֆերն ինքն իրեն երկնքում բարձրացրեց՝ ցանկանալով Բարձրյալին հավասար լինել, և այդ ժամանակ նետվեց անդունդը բոլոր նրանց հետ, ովքեր հետևեցին իրեն (Եսայի 14 :12-15): Դրախտում մեղքը կատարվեց միայն այն պատճառով, որ սատանային հաջողվեց խոսել Եվայի հետ՝ ասելով այս խոսքերը. ՙԱստված իրո՞ք ասաց...՚: Նա կասկած սերմանեց այն խոսքերի հանդեպ, որոնք Աստված ասել էր Ադամին: Այդպես առաջացավ անհավատությունը, որը բերեց անհնազանդություն, և այդպիսով ողջ մարդկությունն ընկավ մեղքի մեջ, որն էլ տարավ մահվան՝ գայթակղության միջոցով: Շեշտը դնելով ճշմարիտ հավատքի վրա՝ մեր Փրկիչն ասաց. ՙՈրովհետև եթե չհավատաք, որ Ես եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք՚ (Հովհ.8:24): Այժմ նույնպես ճշմարիտ հավատքը կարող է խարիսխ ունենալ միայն նրանց մեջ, ովքեր իսկապես հավատում են Հիսուս Քրիստոսին և այն բանին, ինչ Աստված ասել էր Իր Խոսքում: Իսկ անհավատությունը միշտ կապված է սատանայի սերմանած կասկածների հետ: Թող յուրաքանչյուրը քննի ինքն իրեն՝ տեսնելու համար, թե արդյոք ինքը ճշմարիտ հավատացյալ է, թե արդյոք ողջ սրտով հավատում է Աստծո ամեն խոսքին, ընդունում է Տիրոջ տված ամեն խոստում և սերտ կապված է Աստծո հետ: Ճշմարիտ հավատացյալները ընտրյալների շարքում են, վերստին ծնված են Խոսքից և Աստծո Հոգուց և առաջնորդվում են ողջ Ճշմարտության մեջ: Նրանք հավատում են, որ Ուիլյամ Բրանհամը Աստծուց հանձնարարություն է ստացել և բերել է աստվածաշնչյան պատգամը, և հավատում են, որ Աստծուց հանձնարարություն է ստացել աստվածաշնչյան պատգամը տանողը, որն այն տարել է աշխարհով մեկ: Ճշմարիտ հավատացյալները ճանաչել են այն ժամանակը, որում մենք ապրում ենք: Նրանք դուրս են եկել կրոնական ավանդույթներից, ոչ աստվածաշնչյան ուսմունքներից և սրբացել են Ճշմարտության Խոսքով: Մեր Փրկչի աղոթքն է. ՙՍրբացրու նրանց Քո ճշմարտությամբ. քո Խոսքը ճշմարտություն է՚ (Հովհ.17:17): Դա սկսվում է Աստվածության հայտնությամբ. ճշմարիտ ուսմունքը վկայում է, որ կա միայն մեկ Աստված: Ոչ մի անգամ Աստվածաշնչում գրված չէ ՙերրորդություն՚ բառը: Ոչ էլ երբևէ խոսվել է երեք հավիտենական անձերի մասին: Աստվածաշունչը ճանաչում է միայն մեկ ճշմարիտ Աստծուն, որը հաղորդել է Իր փրկության ծրագիրը, և Ինքն էլ իրականացնում է: Նա հայտնվել է որպես Հայր երկնքում, Իր միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ, (Էմմանուել՝ Աստված մեզ հետ) երկրի վրա, և գործում է Սուրբ Հոգով փրկագնված Եկեղեցում: Ոչ մի անգամ Աստվածաշնչում չի կիրառվել ՙՀանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու՚ ֆորմուլան: Նույնը վերաբերում է մկրտությանը. նրանք կիրառում են այն, ինչ Պետրոսն է պատվիրել Նոր Կտակարանի Եկեղեցու հիմնադրման օրը Սուրբ Հոգուօծությամբ ու ներշնչանքով: Պետրոսը հասկացավ հանձնարարությունը և ճշտորեն կատարեց, ինչպես այդ արեցին նաև Փիլիպոսը (Գործք 8 :16), Պողոսը (Գործք 19:5), և առաջին դարի բոլոր հավատացյալները, որոնք նորադարձներին մկրտեցին Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Եփես.4:5-ում գրվածը հիմա էլ ուժի մեջ է. ՙՄեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն՚ (Եփես.4:5): Նրանք ովքեր այսօր ճշմարտապես հավատում են, հնազանդ են և անում են այն, ինչ գրված է 2 Կորնթ. 6 :17, 18 համարներում. ՙԴրա համար նրանց միջից դուրս գնացեք ու բաժանվեցեք,- ասում է Տերը,- և պիղծ բաների մի դիպչեք: Եվ ես ձեզ կընդունեմ ու ձեզ Հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք՚,- ասում է Ամենակալ Տերը՚: Այդ նրանք են փորձառությամբ ապրելու կատարելությունը՝ Սուրբ Հոգու գերբնական գործողությամբ: Տեր Աստված կուղարկի առաջին ու վերջին անձրևը զորավոր ձևով, ինչպես դա կանխասվել է Հակոբ առաքյալի կողմից Սուրբ Հոգուօծությամբ ու ներշնչանքով. ՙԱրդ, եղբայրներս, մինչև Տիրոջ գալուստը համբերող եղեք: Ահա մշակը համբերությամբ սպասում է հողի պատվավոր պտղին, մինչև որ առաջին ու վերջին անձրևն առնի՚ (Հակոբ 5:7): Բայց արդեն իսկ Հովել մարգարեն այդ մասին հաղորդել էր Սուրբ Հոգու օծությամբ ու ներշնչանքով. ՙՍիոնի զավակներ, ցնծացեք և ուրախացեք ձեր Տեր Աստծով, քանի որ Նա առաջին անձրևն արդարությամբ ձեզ տվեց, և ձեզ համար անձրև կիջեցնի՝ առաջին անձրևն ու վերջին անձրևը՝ առաջին ամսում՚ (Հովել 2:23): Եվ ինչպես Պետրոս առաքյալն է գրել, մենք կարող ենք նաև ուրախանալ, որովհետև՝ ՙՈվքեր պահպանված են Աստծո զորությամբ, հավատքի միջոցով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակում՚ (1 Պետրոս 1:5): Մենք հասել ենք վերջին ժամանակներին: Եվ հենց հիմա պետք է զուսպ և նորմալ լինենք բոլոր ոլորտներում, հարմարվենք ներկա իրավիճակին, որպեսզի անարգանք չբերենք մեր Տեր Հիսուսի Անվանը: Կուզեի ևս մեկ անգամ շեշտել, որ կեղծ ուսմունքների միջոցով մոլորված ոչ մի անձնավորություն երկինք չի մտնելու: Տերը մեզ ողորմություն է արել՝ վերադարձնելով մեզ Աստծուն, Իր Խոսքին և առաքյալների վարդապետությանը վերջին պատգամի միջոցով, որը լիովին նման է առաջին պատգամին: Նա, ով չի հարգում սա, չի ճանաչել Աստծո այցելության օրը (Ղուկաս 19:42-44): Ղուկաս 21-րդ գլխում մեր Տերը հայտնել է շատ բաներ, որոնք պիտի կատարվեն, և ասում է վերջին ժամանակաշրջանի վերաբերյալ. ՙԵրկրի վրա ազգերը տագնապի ու խռովության պիտի մատնվեն... Եվ երբ այս բաներն սկսեն լինել, վերև նայեցեք ու ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտ է... այդպես էլ դուք, երբ այս բոլոր բաները կատարված տեսնեք, իմացեք, որ Աստծո արքայությունը մոտ է... Ուրեմն արթուն կացեք և ամեն ժամանակ աղոթեցեք, որ արժանի լինեք այն բոլոր բաներից փրկվելու, որ տեղի են ունենալու, և կանգնելու Մարդու Որդու առաջ՚ (Ղուկաս 21:25-36): Նա մեզ խոստում է տվել. ՙԵվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը՚ (Մատթ. 28:20): Բրանհամ եղբայրն իրականացրեց մարգարեական ծառայությունը և հոգևոր կերակուր ամբարեց: Ես նույնպես կատարեցի այն, ինչ Տերն ինձ հանձնարարել է և սուրբգրային ձևով դասավորեցի մարգարեական Խոսքը, բաժանեցի հոգևոր կերակուրը, ինչպես Տերը դա հաստատեց 1976 թվականի սեպտեմբերի 19-ին (Մատթ. 24:45-47): Աստծո շնորհքով կարողացա Աստծո Խոսքում ճիշտ դասավորել Բրանհամ եղբոր նույնիսկ դժվարըմբռնելի մեջբերումները: Այդպես Պետրոսը մի ժամանակ գրեց Պողոսի թղթերի վերաբերյալ. ՙԴրանցում մի քանի դժվարիմաց բաներ կան, որ անուսումներն ու անհաստատները ծռում են, ինչպես մյուս գրքերն էլ՝ իրենց անձերի կորստյան համար՚ (2 Պետր.3:16): Կարող եմ վկայել, որ արել եմ այն, ինչ Պողոսը մի ժամանակ պատվիրել էր Տիմոթեոսին. ՙԽոսքը քարոզիր շարունակ՝ ժամանակին լինի, թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ ու վարդապետությամբ՚ (2 Տիմ.4:2): Տերը դա պատվիրեց ինձ բարձր ձայնով, Մարսելում: Դրա համար ես քարոզել եմ միայն Խոսքը և մերժել եմ ամեն մեկնություն: Պողոսի նման կարող եմ ասել. ՙԲայց Տերն ինձ հետ կանգնեց և զորացրեց ինձ, որպեսզի իմ միջոցով պատգամը լրիվ քարոզվի, և բոլոր հեթանոսները լսեն՚ (2 Տիմ. 4:17): Բոլոր եղբայրները, որոնք իրոք Աստծուց ծառայություն են ստացել, բաժանում են հոգևոր կերակուրը՝ բացահայտված, մաքուր Խոսքը: Տիրոջ սեղանը երբեք այնքան առատորեն բացված չի եղել, ինչքան մեր ժամանակաշրջանում: Հիմա մենք պետք է ջերմեռանդ աղոթքով միաբանվենք, և Տերն Ինքը կավարտի Իր փրկագնման գործը մեծ զորությամբ (Հռոմ. 9:28): Ամենավերջում կլինի այնպես, ինչպես Բրանհամ եղբայրն է տեսել, այսինքն՝ հոգևորապես Հարսը կընթանա համաքայլ, և Աստված կլսի մեր աղոթքները այնպես, որ ինչ որ հավատքով ասենք, կիրականանա: Կարևորն այն է, որ մնանք Խոսքի մեջ և Աստծո կամքի մեջ, որովհետև միայն այդպես մեզ վրա կհանգչի Աստծո բարեհաճությունը: Անցել է 70 տարի 1949 թվականի Պենտեկոստեին ես կյանքս հանձնեցի Տեր Հիսուսին զղջման արցունքներով և ստացա Սուրբ Հոգու մկրտությունը: Այն ժամանակվանից նայում եմ հետ և տեսնում եմ առատորեն օրհնված, Տիրոջ հետ անցած ճանապարհ: Աստծո շնորհքով ես քարոզում եմ Աստծո Խոսքը 1952 թվականից, սկզբում՝ հոգեգալստական եկեղեցում: 1955 թվականին մասնակցեցի այն հավաքույթներին, որոնք Բրանհամ եղբայրն անցկացրեց Գերմանիայի Կարլսրուե քաղաքում: Հենց առաջին հավաքույթից ես հասկացա, որ նա Աստծո մարդ է և շատ առանձնահատուկ ծառայություն ունի Աստծո փրկության ծրագրի հետ կապված մեր ժամանակաշրջանի համար: Աստծո առաջնորդությամբ 1958 թվականին սկսեցինք ձայներիզներից թարգմանել Բրանհամ եղբոր քարոզները, և այդպես ձևավորվեց նախ՝ տեղական անկախ եկեղեցին, իսկ հետո՝ միսիոներական գործը: 1962 թվականի ապրիլի երկուսին ես ստացա իմ կոչումը Տիրոջ լսելի ձայնով: Աստվածային հայտնությամբ դա հաստատվեց 1962 թվականի դեկտեմբերի 3-ին Բրանհամ եղբոր կողմից, որը Տիրոջ կողմից ուրիշ հրահանգներ էլ տվեց ինձ այդ հանձնարարության հետ կապված: 1964 թվականին ես ձեռնարկեցի իմ առաջին միսիոներական ճանապարհորդությունը Հնդկաստանում և վերադարձի ճանապարհին այցելեցի Երուսաղեմ: 1966 թվականից սկսեցի միսիոներական ճանապարհորդություններ հարևան երկրներում, հետո՝ ամբողջ աշխարհում: Քսան րոպեանոց քարոզների շնորհիվ, որոնք ես անցկացրել եմ Ռադիո Լյուքսեմբուրգում ամեն կիրակի առավոտյան 1967-1978 թվականներին, կարողացել եմ Խոսքը հասցնել գերմաներեն խոսող շատ ունկնդիրների և այդպիսով կարողացել եմ նրանց հավաքույթի հրավիրել տարբեր քաղաքներում: Բազմաթիվ հավատացյալներ դեռ Բրանհամ եղբոր օրհնյալ հավաքույթների ազդեցության տակ էին, հետևաբար բոլոր դահլիճները լեփ-լեցուն էին յուրաքանչյուր քաղաքում, թե՜ Շվեյցարիայում, թե՜ Ավստրիայում և թե՜ Գերմանիայում: Դրանք եղան առատորեն օրհնված տարիներ Աստծո թագավորության մեջ: Ամենաներքևի լուսանկարում տեսնում ենք այն հավաքույթներից մեկը, որոնք տեղի են ունեցել Ցյուրիխի փակ մարզադաշտում 1955 թվականի հունիսի 20-ից մինև 26-ը: Մյուս լուսանկարում պատկերված է հավաքույթ Կարլսրուե քաղաքում, որտեղ Բրանհամ եղբայրը քարոզել է 1955 թվականի օգոստոսի 12-ից մինչև 19-ը: 1976 թվականի երկու լուսանկարները՝ մեկը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, մյուսը՝ Գերմանիայի Հայլբրոն քաղաքում, ցույց են տալիս, որ Աստված շնորհել է Իր օրհնությունը Խոսքի քարոզչությանը: 1979 թվականին թշնամին կարողացավ կասկած սերմանել, ինչպես դա արել էր Եվայի հետ դրախտում, հետևյալ հարցով. ՙԱստված իրո՞ք խոսել է նրա հետ: Այդպես կասկածի ենթարկվեց Աստծո տված հանձնարարությունը և գրեթե տարավ տեղական եկեղեցու կործանմանը: Բայց Տեր Աստված ցույց տվեց Գողգոթայի Իր հաղթանակը՝ ընտրյալները մոլորության զոհ չդարձան, և ծառայությունը շարունակվում է մինչև այսօր: Այս տարի՝ 2020 թվականին, ես առաջնորդվեցի չծրագրել ոչ մի միսիոներական ճանապարհորդություն: Ինչպես բոլորս տեսանք՝ դա հնարավոր չէր լինի COVID 19 համաճարակի պատճառով: Այդ նույն պատճառով չկարողացանք միջազգային հավաքույթներ անցկացնել Կրեֆելդի միսիոներական կենտրոնում: Աստծուց շնորհակալ ենք, որ 1974 թվականից հազարավոր հավատացյալներ կարողացել են Աստծո Խոսքը լսել այստեղ՝ մեր հավաքույթի դահլիճում: Իսկապես իրականացավ այն, ինչ Տերն ինձ պատվիրել էր. ՙԻնձ մոտ հավաքիր Իմ ժողովրդին, որ լսեն Իմ Խոսքերը՚: Ինչպես Աստված հոգ տարավ, որ հոգևոր կերակուրը ամբարվի, այնպես էլ հոգ տարավ, որ դուրս գալու և վերականգնման վերջին պատգամը այսուհետ լսելի լինի համացանցի միջոցով: Աստծո կամքով ես կքարոզեմ յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակին Կրեֆելդում, առավոտյան ժամը տասին (Հայաստանի ժամանակով՝ 12:00: Ծան. թարգմ.), և այսուհետ յուրաքանյուր ամսվա վերջին կիրակին նույնպես կքարոզեմ ժամը տասին, ժամը երկուսի փոխարեն, ինչպես նախկինում արել ենք Ցյուրիխի կիրակի օրը: Այս քարոզները համաժամանակյա թարգմանությամբ թարգմանվում են մի քանի լեզուներով և հեռարձակվում են համացանցում, որտեղ դրանք հասանելի են ամենուրեք արդեն ծանոթ մեր հղումներով ու ալիքներով: Բացի այդ չորեքշաբթի և շաբաթ երեկոյան, ինչպես նաև կիրակի առավոտյան (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով) նաև հեռարձակում ենք ութսունական թվականների քարոզները: Այդ քարոզները նույնպես թարգմանվում են մի քանի լեզուներով, այնպես որ հավատացյալները և նույնիսկ ամբողջ եկեղեցիները կարողանում են միանալ ամբողջ աշխարհում: Այն վայրերում, որտեղ հնարավոր է, ծառայող եղբայրները շարունակելու են անցկացնել տեղական հավաքույթներ: Երկրի վրա որտեղ էլ լինի, երբ հավատացյալները հավաքվում են Տեր Հիսուս Քրիստոսի Անունով, Նա նույնպես ներկա է նրանց հետ (Մատթ. 18:20): Ես խնդրում եմ, որ սա ընդունեք ձեր սրտում և հավատաք: Եկել է ժամանակը, երբ բոլոր ճշմարիտ հավատացյալները, երկրի վրա որտեղ էլ լինեն, միաբանվում են աղոթքով, որպեսզի Տեր Աստված ամենուրեք իրականացնի փրկագնվածների կատարելությունն ու Հարս-Եկեղեցու պատրաստությունը: Նրանք, ովքեր հիմա հավատում են բացահայտված Խոսքին, իմաստուն կույսերի շարքում են և և ապրում են վերջին պատրաստությունը որպես Հարս-Եկեղեցի, որովհետև գրված է. ՙ… պատրաստները նրա հետ հարսանիքի խնջույքի մտան. դուռն էլ փակվեց՚ (Մատթ. 25:10): Դրան է վերաբերում նաև Հայտն. 19:7-ը. ՙՆրա կինը ինքն իրեն պատրաստեց՚: Հարս-Եկեղեցին կատարյալ փրկագնում ունի Գառնուկի Արյունով (Մատթ. 26:28), կատարյալ սրբացում Աստծո Խոսքով (Հովհ. 17:17), և կնքվելու է Սուրբ Հոգով՝ մարմնի փրկագնման օրվա համար, ըստ Եփես.1:13-ի. ՙՆրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության Խոսքը լսեցիք՝ ձեր փրկության Ավետարանը, որին էլ երբ հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք՚: Ես նայում եմ հետ՝ անցած տարիներին և գոհանում եմ այն բոլոր անգամների համար, երբ Տերը խոսել է ինձ հետ և հրահանգներ տվել: Նա մեծ գործեր է արել միլիոնավոր մարդկանց համար՝ նրանց վերադարձնելով ճշմարիտ հավատքին: Ինչպես մի ժամանակ Սիմեոնն ասաց (Ղուկաս 2:29), ես էլ կարող եմ մաքուր խղճմտանքով ասել. ՙՀիմա, Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային, որովհետև աչքերս տեսան, որ երկրի բոլոր ժողովուրդները լսեցին ճշմարիտ պատգամը, որը նախորդում է Քրիստոսի երկրորդ գալստին՚: Գալիք տարվա համար մենք սպասում ենք իսկական հոբելյան, որը հռչակել է մեր Տերը Ղուկաս 4-րդ գլխում և որում ամեն մարդ կմտնի իր ժառանգության մեջ, որն Աստված մեզ շնորհել է. ՙԵվ հիսուներորդ տարին սրբագործեք և երկրի վրա՝ նրա բոլոր բնակիչների համար ազատություն հայտարարեք. սա ձեզ համար թող Հոբելյան լինի, և ձեզանից ամեն մեկն իր ունեցվածքին թող վերադառնա և ձեզանից ամեն մեկն իր ազգատոհմին վերադառնա՚ (Ղևտ. 25:10): ՙԳիտենք նաև, որ բոլոր բաները միասին բարուն են գործակից նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են ըստ Նրա նպատակի: Որովհետև նրանց, ում սկզբից ճանաչեց, նույնպես նախասահմանեց Իր Որդու պատկերին կերպարանակից լինելու, որ Նա շատ եղբայրների մեջ անդրանիկը լինի: ՙԵվ նրանց ում նախասահմանեց, նաև կանչեց, և ում կանչեց, նաև արդարացրեց, և ում արդարացրեց, նաև փառավորեց՚ (Հռոմ. 8:28-30): Ձեր աղոթքներում հիշեք ինձ և բոլոր ծառայող եղբայրներին: Գործելով Աստծո հանձնարարությամբ՝ Եթե Աստված կամենա, Իր ողորմությամբ կշարունակեմ քարոզել ուղիղ հեռարձակման համար. Ամեն ամսվա առաջին կիրակի օրը ժամը 10:00-ին (Հայաստանի ժամանակով՝ 12:00): Ամեն ամսվա վերջին կիրակի օրը, որը կոչվել է ՙՑյուրիխի կիրակի՚, բայց այլևս ոչ թե ժամը 14:00-ին, այլ 10:00-ին (Հայաստանի ժամանակով՝ 12:00): Հին քարոզները համացանցում հեռարձակվում են Ամեն չորեքշաբթի 19:30-ին (Հայաստանի ժամանակով՝ 21:30) Ամեն շաբաթ 19:30-ին (Հայաստանի ժամանակով՝ 21:30) Ամեն կիրակի 10:00-ին (Հայաստանի ժամանակով՝ 12:00) Համացանցով հեռարձակվող քարոզները օրհնություն են եղել շատերի համար և հիմա հասանելի են շատ լեզուներով: Բոլոր հեռարձակումները կարող եք դիտել մեր վեբ կայքում՝ www.freie- volkmsission.de՝ ընտրելով ՙհեռարձակում՚ կամ ՙբեռնում՚, ինչպես նաև մեր Youtube-ի ալիքում՝ www.youtube.com/user/FreieVolksmission: Հավատարիմ Տերն ուղարկել է Իր մարգարեին՝ պատգամը բերելու համար: Նաև հոգացել է, որ այն տարածվի ամբողջ աշխարհում: Նրա խոստումն իրականացավ մեր աչքերի առաջ: ՙՏեսա երկնքում թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ, որպեսզի ավետարաներ երկրի վրա բնակվողներին, ամեն ազգի ու ցեղի, ամեն լեզվի ու ժողովրդի՚ (Հայտն. 14:6): Այն հասել է մինչև երկրի ծայրերը, և Տերը կավարտի Իր փրկագնման գործը (Մատթ. 24:14): Միայն Նրան փառք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսով: